Մատչելիության հղումներ

Նորմալ աշխատանքային գործընթաց է. ԱԳ փոխնախարարը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին


Չնայած նախօրեին Հայաստանը բողոքի նոտա էր փոխանցել Ռուսաստանի դեսպանին, Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ հանդիպման էր կանչել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, այսօր փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը պնդել է՝ երկկողմ կապերում արտառոց իրավիճակ չկա։ Ավելին, այսօր Կոստանյանը կրկնել է Փաշինյանի շաբաթներ առաջ արած հայտարարությունը, թե Հայաստանը արտաքին քաղաքականության վեկտոր չի փոխում։

«Նորմալ աշխատանքային գործընթաց է, գործընկերները միմյանց հարցեր ունեն, դիվանագետների միջոցով պարզաբանում ենք այդ հարցը», - ասել է նա։

Երեկ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը պնդել էր, թե Երևանը հրաժարվում է հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան հարթակից։ Արտգործնախարար Լավրովն էլ, իր հերթին, ակնարկել էր, թե զուր է Երևանը բախտը փորձում եվրոպաներում, քանի որ սահմանի ճշգրիտ քարտեզները ռուսական գլխավոր շտաբում են պահվում։

Հայաստանի փոխարտգործնախարարը, սակայն, այսօր հակադարձել է՝ քարտեզները փոխանցվել են, չհստակեցնելով, թե կոնկրոտ ում միջոցով։

«Այն քարտեզները, որոնց մասին խոսում են, այսինքն՝ 74-78թթ., այդ քարտեզները կան, և հայկական կողմն է ծանոթ դրանց, և ադրբեջանական կողմը», - News.am-ին ասել է Կոստանյանը։

Մինչ այդ Կրմելի վերահսկողության տակ գտնվող «Իզվեստիա» թերթը այսօր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին է անդրադարձել, ընդգծելով, որ մինչև 2044 թվականը Հայաստանը դրանից չի կարող հրաժարվել։ Թերթը նշում է, թե այս դիրքորոշումը փոխանցել են Պետդումայից ու հղում անում Ռուսաստանի և Հայաստանի միջև 1995թ. կնքված պայմանագրին, որի 27-րդ հոդվածում ասվում է. «Եթե կողմերից մեկը հայտարարում է սույն պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին, ապա ռուսական ռազմակայանի լուծարման հետ կապված հարցերը լուծում է հայ-ռուսական հանձնաժողովը։ Ռուսական ռազմակայանի լուծարումը պետք է ավարտվի այդ հանձնաժողովի կողմից համաձայնեցված ժամկետում»։

Այս թեման հայ-ռուսական սրված հարաբերությունների օրակարգ մտավ Հայաստանի վարչապետի Wall Street Journal-ին տված հարցազրույցից հետո, որտեղ Փաշինյանը քննադատել էր ռազմավարական դաշնակցի անգործությունը և հարցականի տալ դրել Հայաստանում ռուսական բազայի նպատակահարմարությունը: Հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է պահանջել Ռուսաստանից դուրս բերել բազան, Հայաստանի վարչապետը պատասխանել էր՝ նման հարց չեն քննարկել։

Կրեմլի խոսնակը հայտարարել էր՝ Մոսկվան պարզաբանումներ է ակնկալում Հայաստանի իշխանություններից: Առայժմ ռուսական կողմը չի հաղորդել՝ ստացել են այդ պարզաբանումները, թե ոչ։

Մինչ այդ «Իզվեստիան» մանրամասնում է՝ 102-րդ ռուսական ռազմաբազան երկու կայազոր ունի՝ Գյումրիում և Երևանում։ 2017 թվականին Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման ձևավորումից հետո ռազմակայանը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հետ ընդգրկված է միացյալ խմբավորման մեջ։ Ինչ է սա գործնականում նշանակում՝ պարզ չէ։

Բազայի անձնակազմում մոտ 4 հազար մարդ կա, այն հագեցած է հակաօդային պաշտպանության С-300 համակարգերով, ՄԻԳ-29 կործանիչներով, Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով։

Պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխղեկավարը ընդգծել է՝ բազայի մասին պայմանագիրը կարող է վերանայվել կողմերից որևէ նախաձեռնությամբ, և որ ամենակարևորն է՝ փոխադարձ համաձայնությամբ։ Թերթի հետ զրույցում փորձագետները պնդել են՝ հիմա ռուս-հայկական հարաբերությունները դժվարին փուլում են և վատթարանալու միտում ունեն, բայց իրավիճակը դեռ չի հասել տագնապալի կետի, քանի որ հայկական կողմից միայն հայտարարություներ են գնում, կոնկրետ քայլեր, Երևանը դեռ չի ձեռնարկել։

Ռազմական հարցերով փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը ևս կարծում է, թե մոտ ապագայում առնվազն ռուսական բազան կմնա Հայաստանում։ ՀԱՊԿ-ում մնալու մասով, սակայն, փորձագետը նույնքան վստահ չէ։

«Բազայի հետ կապված կարող է դեռ չէ, բայց կան բաներ, որ կարող են փոխվել, ավելի, ինձ թվում է, հավանական է, որ օրինակ՝ ՀԱՊԿ-ում անդամակցությունը կարող է, եթե դուրս չգան, գոնե կասեցնեն, կարող է հենց սահմանային զորքերի գործողություններ ավելի ռեալիստիկ… », - ասաց նա։

Ի դեպ, այս պահին Հայաստանը դեսպան չունի Ռուսաստանում ու ՀԱՊԿ-ում․ ռազմական դաշինքում Հայաստանի ներկայացուցիչը ետ էր կանչվել սեպտեմբերի սկզբին, նոր ներկայացուցիչ ուղարկելու մասին Երևանը դեռ չի հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG