Մատչելիության հղումներ

Խանդանյանը մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն է տեսնում


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան, արխիվ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան, արխիվ

Չնայած վերջին մեկ ամսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկու հանդիպումների տապալմանը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մինչև տարեվերջ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն է տեսնում:

«Շանս ևս կա, որովհետև մենք տրամադրված ենք դրան, և կարծես թե Ադրբեջանը ևս պիտի որ պատճառ չունենա դա չանելու, բայց, ցավոք սրտի, ձգձգվում է գործընթացը: Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի միջնորդները, մասնավորապես՝ Եվրամիության մեր գործընկերները, է՛լ ավելի ակտիվ լինեն, որպեսզի այդ հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Խանդանյանը:

Ադրբեջանի նախագահը նախ հրաժարվեց հոկտեմբերի 5-ին Գրանդայում եվրոպացի առաջնորդների ու վարչապետ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումից, ապա «ժամանակի սղության» պատճառաբանությամբ տապվալեցին նաև հոկտեմբերի վերջին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունները։

Մինչև տարեվերջ երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, պաշտոնական Երևանը, սակայն, դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի փոխանցած վերջին առաջարկներին: Դրանք հայկական կողմին փոխանցվել էին մինչև Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումը և Լեռնային Ղարաբաղի հայաթափումը: Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը Բաքվի այդ տարբերակը ստանալուց անմիջապես հետո հայտարարել էր, որ առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից: Իրատեսակա՞ն է արդյոք երկու ամսում երեք սկզբունքային հարցերի շուրջ հասնել համաձայնության:

«Երբ որ Ադրբեջանը հայտարարի, որ «ես ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով, դա նշանակում է նաև, որ Ադրբեջանը միաժամանակ պետք է ճանաչի այն քաղաքական հիմքը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմնարար փաստաթուղթ, խորհրդային շրջանի վերջին քարտեզները, և որ կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների սուվերենության ներքո: Այսինքն՝ այստեղ այդ երեք սկզբունքները միմյանցից տարանջատելը դժվար է, և ակնկալիքն այն է, որ այո, Ադրբեջանը պետք է միաժամանակ այդ սկզբունքների մասին հայտարարի», - նշեց Խանդանյանը:

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պայմանավորվածություն չկա

Մինչ հայկական կողմը հերթական դրական ակնկալիքներից է խոսում, առաջիկայում ոչ երկու երկրների ղեկավարների և ոչ էլ արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին չի հաղորդվում:

Սպասվո՞ւմ են արդյոք Փաշինյան - Ալիև կամ Միրզոյան - Բայրամով բանակցություններ. և՛ կառավարությունից, և՛ ԱԳՆ-ից փոխանցեցին՝ երբ լինի նման հանդիպում, կտեղեկացնեն:

Մինչ այդ, իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը կիսվեց իր ունեցած տեղեկություններով. - «Այս պահին պայմանավորվածություն չկա երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման»:

Անցած շաբաթ խորհրդարանում փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն էր պնդել՝ թե՛ Եվրամիության, թե՛ այլ գործընկերների կողմից շարունակվում են ջանքերը հայ - ադրբեջանական գործընթացը բանակցային փուլ վերադարձնելու համար՝ ըստ էության ընդունելով, որ Բաքուն խուսափում է արևմտյան հարթակներում բանակցություններից:

Քաղաքական մեկնաբանն առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկար չի տեսնում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, մինչդեռ, խնդիրը ոչ թե հարթակն է, այլ կառուցողական բանակցությունները, որոնցից Բաքուն հրաժարվում է:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ

«Բաքուն որևէ հարթակ մերժելու քաղաքականություն չի վարում, Բաքուն վարում է առավելագույնը կորզելու քաղաքականություն և փորձում է այդ հարթակների միջև մանևրով, տակտիկական մանևրով, հենց նույն հարթակների, այսպես ասած, տերերից ստանալ իր մոտեցումների հավանություն՝ հաշվի առնելով այն, որ այդ տերերը միմյանց հետ միջազգային, համաշխարհային դիմակայության մեջ են», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բադալյանը:

Երևանը ամիսներ շարունակ սպասում է, որ Բաքուն հրապարակային հայտարարի, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ կոնկրետ թիվ նշելով: Ադրբեջանից, սակայն, 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին հայտարարություն այդպես էլ չի հնչում:

Չնայած Երևանն ու Բաքուն շարունակում են հրապարակավ խոսել խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունից, քաղաքական մեկնաբանն առաջիկայում նման հեռանկար չի տեսնում։

«Եթե կան ինչ-որ այլ պայմանավորվածություններ կուլիսային մակարդակում, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ և որոնք որևէ կերպ տեսանելի չեն, սա արդեն այլ խոսակցություն է: Բայց հրապարակային մակարդակում մենք ունենք բոլորովին այլ պատկեր, և այդ տեսանկյունից ես խաղաղության պայմանագրի ստորագրման նախադրյալ չեմ տեսնում», - ասաց Հակոբ Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հուլիսին, իսկ արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել:

XS
SM
MD
LG