«Գրանադայի հայտարարությունում հայտարարվել են այն ուղենիշները, որոնք ըստ մեզ՝ պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա հայտնեց, որ Երևանն ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները։
«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները», - նշեց ԱԳ նախարարի տեղակալը։
Հարցին, թե Բաքուն չի՞ հրաժարվում արևմտյան ձևաչափից, քանի որ հայտարարել էր, որ պատրաստ են բանակցություններ վարել Վրաստանում, փոխնախարարն ասաց. - «Ձևաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում, թե արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով, թե իրենք ընդամենը մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումից խուսափել»։