2008-ի Մարտի 1-ին Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կեսգիշերն անց կալանավորվեց։
Դատարանը բավարարեց նախաքննական մարմնի ներկայացրած կալանավորման միջնորդությունը, ինչպես նաև իրավաչափ ճանաչեց Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը, որի դեմ երեկ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել։
Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։
«Բնականաբար, այս պայմաններով պետք է բավարարեր վարույթն իրականացնող մարմնի բերած բողոքը», - ասաց Գևորգյանը։
Լրագրողների հարցին՝ բողոքարկելո՞ւ է որոշումը, թե՞ ոչ, արձագանքեց. «Անպայման բողոքարկելու եմ»։
Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը երեկ մեղադրանք էր առաջադրել Գեղամ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ 70-ամյա Գեղամ Պետրոսյանը երեկ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ մեղադրանքը չի ընդունում։
Երեկ պաշտպան Վաղարշակ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել էր՝ ի հայտ է եկել անձ, որը ցուցմունք է տվել, որ իբրև թե ցուցարար Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով կամ արմատուրայով հարձակվել և փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին։ Ըստ վկայի ցուցմունքի՝ ստեղծվել է իրավիճակ, երբ կա՛մ Զաքար Հովհաննիսյանը պետք է հարվածեր Գեղամ Պետրոսյանին, կա՛մ վերջինս՝ նրան: Ըստ այդ նույն վկայի ցուցմունքի՝ Գեղամ Պետրոսյանը կրակել է:
«Կա՛մ նա պիտի խփեր Գեղամ Պետրոսյանը մահանար, կա՛մ՝ սա պիտի կրակեր»։
Փաստաբանը պնդում է՝ Պետրոսյանը նման արարք առհասարակ չի կատարել։
Մարտյան թեմայով ժամանակին ձևավորված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն ասաց՝ և՛ 2008-ի, և՛ 2018-ի ցուցմունքներում Գեղամ Պետրոսյանը նման միջադեպ չի նկարագրել:
«Գեղամ Պետրոսյանը և՛ 2008 թվին, և՛ 2018 թվականի իր հարցաքննություններում իրենց կողմից կրակելու, իրենց կողմից հրաման տալու և կրակելու և մնացած հանգամանքերի կապակցությամբ ցուցմունքներ տվել են, ուղղակի քննիչերը հետևողական չեն եղել։ Բա որ կրակեցիք, որևէ մեկին կպավ, չկպավ, ինչ եղավ, չեղավ։ Ինքը հստակ ասում է՝ «կրակելու հրաման միայն մենք կարող էինք տալ։ Էդ ամեն ինչը մենք ենք մեր ձեռքը վերցրել, մենք էինք ասում կրակել կամ չկրակել, բացի մեզնից ուրիշ մարդ չէր կարող ցուցումներ տալ»։ Իրանք հրաման են տվել, որովհետև ամեն ինչ ասում է՝ «քանի որ հարակդրված էինք էդ իրավիճակից, մենք ստիպված հրահանգ տվեցինք կրակել», - նշեց Սաֆարյանը։
Ի դեպ, Սեդա Սաֆարյանն ասաց՝ դեպքից 11 տարի անց կրկին տեղանքի զննություն է կատարվել և շենքերի պատերից կրակված գնդակներ են հայտնաբերվել, սակայն տեղյակ չէ, թե հետագա փորձաքննությունները ինչ են ցույց տվել։
Գեղամ Պետրոսյանի փաստաբանը երեկ ասել էր՝ գնդակը հայտնաբերել են Զաքար Հովհաննիսյանի մարմնի մեջ։ Ատրճանակը կգտնեն, կնշանակեն փորձաքննություն, կպարզեն՝ դրանից կրակված է, թե ոչ։
«Իսկ որտեղի՞ց կգտնեն։ Ինչո՞ւ ինքը իր ատրճանակը և իր զենքերը 2008 թվականից անկեղծ չի ասել, թե ինչ զենքեր են իրենց մոտ եղել։ Ասեմ, որ այդ զենքերի հետ կապված սահմանափակ զինատեսակներ են ներկայացրել։ Երբ հիմա նայում ենք, թե զենքի ինչ տեսակներ են ասել 2018-ին, իսկ 2008-ին ինչ են ասել, տեսնում ես, որ զենքեր են եղել, որոնց վերաբերյալ տեղեկություններ դիտավորյալ չեն տվել։ Ինչո՞ւ չեն ասել, չեք ասել, որովհետև էդ զենքից խնդիր կարա լինի, օբյեկտիվ ապացույց կարա ձեռք բերվի», - ընդգծեց նա։
Սաֆարյանը նշում է՝ ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը հեղափոխությունից հետո ցուցմունք է տվել, որ գործը քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ ապացույցներ է կեղծել, փամփուշտներ փոխել:
Փաստահավաք խմբի անդամը նկատում է նաև 2008-ին և՛ դատաձգաբանը, և՛ դատաբժիշկը և մնացյալ փորձագետները հակված են եղել ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը հայտնելու, այլ պաշտոնական վարկածներն են առաջ տարել։
«Քանի որ համակարգը լավ չի աշխատել, անմասն չեն մնացել նաև փորձագետները։ Դրանով է պայմանավորված նաև այսօրվա դժվարությունները», - ասաց Սաֆարյանը։
Սաֆարյանը ընդգծում է՝ Գեղամ Պետրոսյանը այն եզակի պաշտոնյաներից է, որը միայն 2018-ին 7-8 անգամ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում. «Ցուցմունքների դինամիկան, որ էդպես տարբեր է բացատրվում է նրանով, որ Գողամ Պետրոսյանից մշտապես չի հաջողվել առաջին իսկ պահին ստանալ ճիշտ տեղեկություններ, ուրիշներից պարզել են հետո իրեն հարց են ուղղել։ Բազմակողմանի քննության արդյունքում է, որ հաջողվել է Գեղամ Պետրոսյանին բերել մի մակարդակի, որ ինքը կարողանա որոշակի փաստեր իր տեղը դնել ու ճիշտ ասեր»։
Զաքար Հովհաննիսյանը Փակ շուկայի տարածք էր գնացել ընկերոջը՝ Դավիթ Պետրոսյանին տուն բերելու համար: Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ։ Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը:
«Դավիթ Պետրոսյանն էլ է նույն 9 մմ տրամաչափով փամփուշտից մահացել։ Ուզում եմ ասել, որ, ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներ կլինեն, ես կարծում եմ», - նշեց Սաֆարյանը։