Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին, այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասաց Օհանջանյանը։
Սպասվում է, որ այսօր դատարանը կորոշի՝ կալանավորե՞լ Գեղամ Պետրոսյանին, թե՞ ազատ արձակել։
2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։
2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն «Ազատությանը» երեկ փոխանցել էր, որ բողոքարկել է ձերբակալման մասին որոշումը:
Հատուկ քննչական ծառայությունը օրերս հաղորդել էր, որ 2008-ին ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։