Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանի համոզմամբ՝ Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով անցած շաբաթ կալանավորված Գեղամ Պետրոսյանի գործը կբերի նաև Մարտի 1-ի մյուս սպանությունների բացահայտմանը:
Հիշեցնենք, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ և շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ:
«Ազատություն»․ - Գեղամ Պետրոսյանը ընդունե՞լ է, որ հենց ինքն է կրակել և սպանել Զաքար Հովհաննիսյանին:
Սասուն Խաչատրյան․ - Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս այս պահին:
«Ազատություն»․ - Բայց դուք ունե՞ք ապացույցներ, որ հենց իրեն կցված ատրճանակից է ինքը կրակոցն արձակել և սպանել Զաքար Հովհաննիսյանին:
Խաչատրյան․ - Ես այս պահին նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չեմ ցանկանում պատասխանել: Բայց որ կա ապացույցների բավարար համակցություն՝ դա ակնհայտ է:
«Ազատություն»․ - Իսկ պարկուճների փոփոխությա՞ն հանգամանքը՝ այս մասով նա նո՞ւյնպես լռում է, ոչինչ չի՞ ասում, քանի որ տեսակետներ կային, որ նա կարծես թե ընդունել է, որ իսկապես պարկուճները փոխվել են, կեղծվել են ապացույցները:
Սասուն Խաչատրյան․ Չեմ ցանկանում մեկնաբանել, կրկին ասում եմ, որ բաց աղբյուրներում այդ մասին տեղեկատվություն կա, որը ես չեմ հերքում:
«Ազատություն»․ - Իսկ հաշվի առնելով Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը՝ սա առաջին գործն է սպանության հետ կապված, կարո՞ղ ենք ասել, որ սա կբերի շղթայաձև նաև մյուս սպանությունների բացահայտմանը: Ի վերջո, 11 տարի որևէ մեկը մեղադրված չի եղել սպանությունների գործով:
Խաչատրյան․ - Ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի:
«Ազատություն»․ - Ի՞նչը ձեզ օգնեց, որ 11 տարի անց ի վերջո կարողացավ Հատուկ քննչական ծառայությունը սպանությունների գործի հետ կապված որոշակի առաջընթաց ունենալ: Ո՞ր գործոնը ձեզ օգնեց:
Խաչատրյան․ - Կարծում եմ՝ հետևողական աշխատանքը: Գիտե՞ք ինչ, հետևողական աշխատանքը, միանշանակ, իր արդյունքը տալիս է: Իմ դիտարկումներից է, որ աշխատանքը դա էներգիայի պես մի բան է՝ այն անհետ չի կորում երբեք, ինչ-որ արդյունք տալիս է: Կարող է այդ արդյունքը լինել տեսանելի, շատ տեսանելի, քիչ տեսանելի, բայց որ արդյունք տալիս է, դա՝ անպայման:
«Ազատություն»․ - Որովհետև նախկինները նշում էին, որ քանի որ շատ տարիներ են անցել՝ տաս տարի է անցել, ութ տարի է անցել, ապացույցներ այլևս չկան, գոյություն չունեն:
Խաչատրյան․ - Դե, հիմա մենք ապացույցներ ձեռք ենք բերել:
ՀՔԾ ղեկավարը հրաժարվեց հաստատել մամուլում տարածված տեղեկությունը, թե Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ի դեպ, հարցաքննության փաստն անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց Ծառուկյանը:
Թե ինչն է պատճառը, ինչու է ՀՔԾ-ն այս հանգամանքը գաղտնի պահում՝ ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ասաց, որ ոչ միայն Ծառուկյանի, այլև մյուս հարցաքննված անձանց մասին տեղեկություններ չեն հրապարակում:
«Ազատություն»․ - Քանի որ անուններ չեք ուզում տալ, օլիգարխների ներգրավվածության մասով Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին՝ կլինի՞ կոնկրետ զարգացում, կոնկրետ մեղադրանք:
Խաչատրյան․ - Որ պահին որ կլինի այդ իմ ասած ապացույցների բավարար համակցությունը՝ այս կամ այն անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար, այսինքն՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, այդ քրեական հետապնդումը կսկսվի, եթե, իհարկե․․․
«Ազատություն»․ - Այդ մասով բայց գնո՞ւմ է հիմա քննություն:
Խաչատրյան․ - Բոլոր ուղղություններով էլ քննությունը գնում է:
ՀՔԾ ղեկավարն այսօր խորհրդարանում մասնակցում էր 2018 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին, որոնց ներկա էր նաև Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Վերջինս, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի գաղտնալսման քրեական գործին, ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ իրավապահ մարմինների ղեկավարների խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը հնարավոր է հարևան երկրներից մեկից տարածված լինի: Թե կոնկրետ որ երկրից, Գրիգորյանը չմանրամասնեց:
«Այսօր հայտնի է տեխնիկապես վեց եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին: Բոլոր ուղղություններով քննությունը կատարվել է, ուղարկվել են մի շարք հարցումներ, այդ թվում նաև՝ արտասահմանյան երկրներ, քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք, հնարավոր է, ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից տարածում է ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը: Այդ ուղղությամբ քննությունը շատ ակտիվ իրականացվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ», - ասաց Քննչական կոմիտեի ղեկավարը:
Հավելենք, որ գաղտնալսման գործով դեռևս կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան:
Ի դեպ, ըստ Քննչական կոմիտեի ղեկավարի, փորձաքննությամբ հերքվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից գաղտնալսում իրականացնելու հանգամանքը: