Վրաստանի Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր ձայների մեծամասնությամբ բավարարեց երկրի նախագահին պաշտոնանկ անելու` պատգամավորների դիմումը: Բարձրագույն դատական ատյանը հայտարարեց` Սալոմե Զուրաբիշվիլին իսկապես խախտել է Սահմանադրությունը՝ առանց կառավարության թույլտվության այցելելով մի շարք եվրոպական երկրներ։
«2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և 6-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտասահման կատարած աշխատանքային այցերի ընթացքում` առանց Վրաստանի կառավարության համաձայնության, իրականացրել է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերությունների ոլորտում՝ խախտելով Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի «ա» ենթակետի դրույթների1-ին կետը», - նշված է հայտարարությունում։
Ինքը` Զուրաբիշվիլին, երեք օր տևած դատավարությանը ներկա չէր, բայց մինչ այդ հայտարարել էր, թե որևէ օրենք չի խախտել, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հետ էլ հանդիպել է հանուն Վրաստանի եվրաինտեգրման:
«Ես հեռանալու միտք չունեմ», - շաբաթներ առաջ պնդել էր նա` վրացիներին հղած ուղերձում:
«Նրանք գիտեն, որ ես ձեր ընտրված ներկայացուցիչն եմ, և որ եվրոպական ապագան ձեր ընտրությունն է։ Այդ իսկ պատճառով նրանք մեզ աջակցում են և նման հարգանքով են վերաբերվում ինձ, բայց ոչ թե ես եմ դրան արժանի, այլ դուք եք դրան արժանի: Ես հպարտ եմ, որ ձեզ եմ ներկայացնում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում», - նշել է Վրաստանի նախագահը։
Հիմա արդեն հարցը պետք է քննի խորհրդարանը, որի մեծամասնությունն էլ նախաձեռնել էր այս գործընթացը: Ըստ օրենքի, Ազգային ժողովը երկու շաբաթ ունի` որոշում կայացնելու համար, սակայն, իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե այդքան սպասելու միտք չունեն:
«Այս շաբաթվա ընթացքում Վրաստանի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները կորոշեն` արդյոք նա իրավասու է զբաղեցնել Վրաստանի նախագահի բարձր պաշտոնը: Եթե Սալոմե Զուրաբիշվիլին արժանապատվություն ունենար, Վրաստանի Սահմանադրությունը խախտելուց հետո ինքն անմիջապես պետք է հրաժարական տար», - ասել է Կոբախիձեն:
«Վրացական երազանքը» իզուր չէ հորդորում նախագահին սեփական կամքով հեռանալ, քանի որ հակառակ դեպքում նրան պաշտոնանկ անելը բարդ, եթե ոչ անհնարին կարող է լինել: Օրենքով դրա համար անհրաժեշտ է 100 ձայն, մինչդեռ իշխող կուսակցությունն ունի միայն 88 պատգամավորի աջակցություն։ Կոբախիձն, սակայն, հույսը չի կորցնում:
Իրակլի Կոբախիձե հայտարարել է, թե «ակնկալում ենք, որ առնվազն մի քանի ընդդիմադիր պատգամավորներ բավարար հայրենասիրություն ու սկզբունքայնություն կդրսևորեն և թույլ չեն տա, որ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրության խախտումը մնա անհետևանք»:
Ընդդիմադիր խմբակցությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը», սակայն, հայտարարել են, որ կա՛մ չեն մասնակցի քվեարկությանը, կա՛մ դեմ կլինեն իմփիչմենթին։
71-ամյա Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին կին նախագահն է, նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2018-ից, և ըստ օրենքի, ևս մեկ տարի ունի մինչև նախագահության ավարտը:
Կառավարություն-նախագահ այս բանավեճը ընթանում է Վրաստանի համար վճռորոշ փուլում. Եվրամիությունը մինչև այս տարեվերջ պետք է դիտարկի Վրաստանի թեկնածության հարցը, մյուս տարի էլ երկրում պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: