Ֆրանսիայում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայումս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը "Radio France"-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու մտադրություն չունի։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանում, ինչպես նաև այլ շրջանակներում մտահոգություններ կան Հայաստանի հարավում, «Զանգեզուրյան միջանցքի» շուրջ հնարավոր հակամարտության ռիսկերի հետ կապված՝ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ խաղաղության համաձայնագրում «Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատի իր հավատարմությունը մեր երկրներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին»։
«Հայաստանի հայտարարությունները, թե Ադրբեջանը իր տարածքի դեմ պատերազմ կվարի՝ բացարձակապես անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես և աշխարհի մյուս բոլոր երկրների», - ասել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը։
«Մեզ պարզապես անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների ուղի»
Նոր պատերազմը բացառելու "Radio France"-ի հետապնդող հարցին Էլչին Ամիրբեկովը պատասխանել է, թե ամեն դեպքում Ադրբեջանը մտադիր չէ նոր պատերազմ սկսել, բայց եթե Հայաստանը հարձակվի, իրենք ձեռքերը ծալած չեն նստի։
«Սակայն չեմ կարծում, որ դա բխում է Հայաստանի շահերից։ Կարծում եմ մեզ պարզապես անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների ուղի, օգտվել խաղաղ գործընթացը առաջ մղելու Եվրամիության ցանկությունից։ Խոսել սահմանների դելիմիտացիայի ու հաղորդակցության ուղիների մասին։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ հարցերի վրա։ Պետք չէ երկակի խաղ խաղալ, ինչպես Հայաստանը, որը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների, բայց միաժամանակ դիվանագիտական պատերազմ է մղում բոլոր ճակատներում», - նշել է Ամիրբեկովը։
Նա Հայաստանի կողմից դիվանագիտական պատերազմ է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումները, Եվրոպայի խորհրդում և Եվրախորհրդարանում քննարկումները, ընդունված բանաձևերը, որը նա հակաադրբեջանական է գնահատել։
«Դա Ադրբեջանին սիստեմատիկ վարկաբեկելու արշավ է սփյուռքի միջոցով։ Դա ցույց է տալիս, որ հայերը անկեղծ հետաքրքրություն չունեն գտնելու լուծումը։ Երբ պարոն Փաշինյանը իր գործընկերների հետ հանդիպումներում ասում է, թե Ադրբեջանը ցանկանում է հարձակվել Հայաստանի վրա՝ դա միայն նրա կարծիքն է։ Ապացույցներ չկան։ Այդ մեղադրանքները որևէ հիմք չունեն։ Հայաստանի համար պատերազմից խուսափելու լավագույն միջոցը իրական բանակցություններ սկսելն է», - ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը չի կարելի էթնիկ զտում համարել»
Ամիրբեկովը ճիշտ չի համարել Լեռնային Ղարաբաղի հայաթափումը էթնիկ զտում գնահատելը, ասելով, թե դա շատ լուրջ մեղադրանք է։ «Դա նշանակում է՝ կառավարությունը ցանկանում է ստիպել բնակչության մի մասին լքել իրենց տարածքը էթնիկ կամ կրոնական պատկանելիության պատճառով», - ասել է նա, նշելով, որ սեպտեմբերի 19-ի «հակաահաբեկչական միջոցառմանը», այդպես է Ադրբեջանը անվանում Արցախի վրա ռազմական հարձակումը, թիրախավորվել են միայն ռազմական օբյեկտները, որոնց ճիշտ տեղը իրենք գիտեին։
Էլչին Ամիրբեկովը նշել է, թե մեկօրյա գործողությունից հետո հայերին կոչ են արել վերանայել հեռանալու մասին որոշումը, ասել են՝ դա ձեր անձնական գործն է, բայց եթե հեռանաք, իմացեք, որ վերադառնալու իրավունք ունեք, ու նման խոսքերից հետո, նա պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը չի կարելի էթնիկ զտում համարել։
Վերադառնալ ցանկացողներին երաշխիքներ տրամադրելու մասին, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն ասել է, թե սեպտեմբերի 19-ից մեկ օր անց երկխոսություն էր սկսվել Ադրբեջանի կենտրոնական իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչների միջև։ 10 օրվա ընթացքում երեք հանդիպում է տեղի ունեցել, փորձել են ներկայացնել իրենց հայացքները տարբեր ոլորտներում հայերի ապագայի վերաբերյալ՝ ներառյալ սոցիալական, տնտեսական, քաղաքական, հումանիտար, լեզվի ու դավանանքի իրավունքները։
«Սակայն որպեսզի ադրբեջանցիների հետ ապրեն համատեղ ու խաղաղ, նրանք պետք է իմանան, որ իշխանությունը պատկանում է Ադրբեջանին», - ընդգծել է նա։
Էլչին Ամիրբեկովը նշել է, որ խուճապի ու սթրեսի մթնոլորտում, երբ մարդը լքում է երկիրն ու իր տունը, դժվար է մեկ շաբաթ անց վերադառնալու որոշում ընդունել։ «Ուստի հավանաբար պետք է մի քիչ սպասել, քանի դեռ այդ մարդիկ չեն վերանայել Ադրբեջանից հեռանալու իրենց որոշումը։ Երբ նրանք վերադառնալու ցանկություն հայտնեն, մենք իսկապես կարող ենք կապ հաստատել նրանց հետ»,- հավաստիացրել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ադրբեջանում կալանավորված Արցախի առաջնորդների ճակատագրի վերաբերյալ Էլչին Ամիրբեկովը նախ ասել է, որ Ադրբեջանը համաներում է հայտարարել զենքը վայր դրած անջատականների նկատմամբ, նրանք հնարավորություն են ունեցել հեռանալ Լաչինի միջանցքով։ Իսկ ձերբակալվածների մասին նա նշել է, որ խոսքը մի փոքր խումբ մարդկանց մասին է, որոնց մասնակցությունը Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ բռնություններին ապացուցված է և նրա խոսքերով՝ «դատարանը դա կհաստատի»։
Ֆրանսիայի միջնորդական ջանքերի մասին
"Radio France"-ի հարցազրույցում առաջին հարցը Ֆրանսիայի միջնորդական ջանքերի մասին է, որի վերաբերյալ ադրբեջանցի դիվանագետը պնդել է Բաքվի բազմիցս հայտնած տեսակետը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ֆրանսիան կողմնակալ մոտեցում ունի՝ պաշտպանում է Երևանին։
Անդրադառնալով Հայաստանին ռազմական տեխնիկա տրամադրելու ֆրանսիական կողմի հայտարարություններին, նա ասել է, թե նաև այդ պատճառով Փարիզի հանդեպ վստահություն չունեն որպես միջնորդի։ «Այդ որոշումը մեզ կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում դնել, դա մենք կարող ենք մեկնաբանել հետևյալ կերպ․ Ֆրանսիան զինելով Հայաստանին՝ նրան դրդում է նոր հարձակման մեր երկրի վրա»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը, որի երկիրը զենք է գնել Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից, Թուրքիայից և այլ երկրներից։
Էլչին Ամիրբեկովը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությունը և ասել, թե Ադրբեջանը այսօր պատրաստ է Եվրամիության միջնորդությամբ եռակողմ ձևաչափով կրկին մասնակցել կարգավորման գործընթացին։