Մատչելիության հղումներ

ՀՀ և ՄԹ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը:

Արարատ Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը: Ըստ հաղորդագրության, կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG