Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է՝ այսօր Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։
Հանդիպման մասին հաղորդագրությունում նշված է. «Անդրադառնալով Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Արարատ Միրզոյանը ընդգծել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպան, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավելու անհրաժեշտությունը»։
Միրզոյանը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի: Նա շեշտել է, որ 21-րդ դարում ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիքից զանգվածային տեղահանման կանխման ձախողումը հերթական անգամ վկայում է նման իրավիճակներում միջազգային դերակատարների կողմից հստակ քայլերի անհրաժեշտության մասին:
Լուիս Բոնոն երկուշաբթի բանակցություններ էր վարել Ադրբեջանում։
Բաքվի բանակցությունների մասին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հաղորդել էր, որ Լուիս Բոնոն քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը կողմերին՝ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ամերիկացի դիվանագետի երկրորդ այցն է տարածաշրջան:
ԱՄՆ վերադառնալու ճանապարհին նա կանգ է առնելու Փարիզում և Բրյուսելում։ Վերջին կանգառների մասին հայտնել է Վաշինգտոնում «Թուրանի» թղթակիցը։
«Հարավային Կովկասում մեր միակ նպատակը խաղաղություն ապահովելն է». Միլլերը՝ Լավրովին
Մոսկվան, որը շարունակում իրեն գլխավոր դերակատարը համարել Հարավային Կովկասում, խիստ բացասաբար է վերաբերում Արևմուտքի միջնորդական ջանքերին, պնդելով, որ նրանց իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս հրապարակած հոդվածում գրել է, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը միջնորդական ծառայություններ պարտադրելով Ադրբեջանին ու Հայաստանին՝ ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասում։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը երեկվա բրիֆինգում, պատասխանելով Լավրովին, ասել է, որ դա «բացարձակապես ճիշտ չէ»։
«Հարավային Կովկասում մեր միակ նպատակը խաղաղություն և կայունություն ապահովելն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և իհարկե երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը», - ասել է Մեթյու Միլլերը։
«Ադրբեջանը ցանկանում է դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան աջակցության ընդլայնումը»
Հայաստանի նկատմամբ ոտնձգությունները զսպելու առումով, ինչի մասին Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը ասել է նաև Արարատ Միրզոյանը, ուշագրավ մեկնաբանություն են արել ամերիկյան «Ստրատֆորի» վերլուծաբանները։
Նրանք անդրադարձել են Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջին հայտարարություններին, թե ադրբեջանական ներխուժումը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա շաբաթներին։
Նշելով, որ նա այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո, թե Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու Փարիզի որոշումը նոր հակամարտությունը ավելի հավանական է դարձնում, «Ստրատֆորը» գրում է․ «Բալայանի հայտարարությունը Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դիմելու կոնկրետ ժամկետների վերաբերյալ հայաստանցի պաշտոնյաների կողմից արված ամենահստակ նախազգուշացումն է։ Այս հայտարարությունը նաև ներխուժումը զսպելուն ընդունակ ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում Երևանի աճող հուսահատության վկայությունն է»:
Վերլուծաբանները, նշում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիշեցնում են այն հռետորաբանությունը, որ կիրառում էր Մոսկվան՝ Ուկրաինա ներխուժումից առաջ, երբ խոսում էր [Կիևին տրամադրվող] արևմտյան ռազմական օգնության մասին։
«Ադրբեջանը ցանկանում է դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան աջակցության ընդլայնումը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում պահպանելով Հայաստանի տարածք հնարավոր ներխուժման կենսունակությունը»,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։
Ադրբեջանի ներսում, հանրության մեջ սկսել է զգալիորեն գերակշռել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու կողմնակիցների թիվը։ Ադրբեջանի Սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից հոկտեմբերի 5-9 անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ ավելի քան 80 տոկոսը, կողմ է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, դեմ է՝ 18 տոկոսը։ Նշվում է, որ խաղաղության կողմնակիցների թվում 85 տոկոսը տղամարդիկ են, 76 տոկոսը կանայք։