Վաշինգտոնի միակ նպատակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, կայուն խաղաղության և կայունության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումն է, ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Լավրովը երեկ իր ծավալուն հոդվածում ԱՄՆ-ին մեղադրել էր իր «աշխարհաքաղաքական հավակնությունների» համար Հարավային Կովկասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցերին միջամտելու համար։
«Դա բացարձակապես ճիշտ չէ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը։
Լավրովը, մասնավորապես, նշել էր, որ այժմ Բրյուսելը, ելնելով իր աշխարհաքաղաքական հավակնություններից, Վաշինգտոնի հետ միասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ «ապակայունացում բերելով Հարավային Կովկասում»։
«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», - գրել է ՌԴ ԱԳ նախարարը։