Մատչելիության հղումներ

Ավելի քան 1800 զոհ և մոտ 5 հազար վիրավոր


Իսրայելցիները հուղարկավորում են զոհված զինծառայողին, 10-ը հոկտեմբերի, 2023թ.
Իսրայելցիները հուղարկավորում են զոհված զինծառայողին, 10-ը հոկտեմբերի, 2023թ.

«Երկաթե սրեր». օր չորրորդ

Այսօր՝ Մերձավոր Արևելքում նոր պատերազմի չորրորդ օրն Իսրայելի քաղաքական վերնախավը կարևոր որոշում է կայացվել՝ իշխող կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները վարչապետ Բենյամին Նեթնյահուին հանձնարարել են կազմել ազգային միասնության կառավարություն: Որոշումը միաձայն է ընդունվել:

Մինչդեռ, Գազայի հատվածի բնակիչների գլխավերևում ոռնոցով անցնում են իսրայելյան օդուժի մարտական ինքնաթիռները, ռումբերը և հրթիռներն ավերում են շենքերը: Իսրայելի հրամանատարներն ասել են, որ Գազայում լայնածավալ գործողություն են սկսել «Համաս»-ի դեմ:

«Համարեք, որ նրանք արդեն դիակներ են»

Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հաղորդել է «Համաս»-ի բարձրաստիճան երկու ղեկավարներին՝ Ջավադ Աբու Շամալին և Զաքարիա Աբու Մաամրային ոչնչացնելու մասին: Շամալը համարվել է Գազայի հատվածում «Համաս»-ի էկոնոմիկայի նախարարը և կարգավորել է Գազայում, ինչպես նաև Գազայից դուրս ահաբեկչական գործողությունների ֆինանսավորումը: Մաամրան «Համաս»-ի քաղաքական բյուրոյի անդամ էր և ղեկավարել է ներքին կապերի բաժինը, նա Գազայում «Համաս»-ի առաջնորդ Յայհա Սինվարի վստահված անձն էր:

«Երկուսն էլ կազմակերպել, կարգավորել են հրեից պետության վրա «Համաս»-ի հարձակումները»,- ընդգծվում է Իսրայելի բանակի Տելեգրամ ալիքում տեղադրված հաղորդագրությունում: Դեռ նախօրեին իսրայելական հատուկ ուժերի հրամանատարներն ասել են․ - «Համարեք, որ այդ երկուսն արդեն դիակ են, մենք նրանց կգտնենք և կչեզոքացնենք»:

Իսրայելի բանակի խոսնակ, փոխծովակալ Դանիել Հագարին ասել է, որ «Համաս»-ի պարագլուխները Գազայում թաքնվելու տեղ չունեն:

«Մենք նրանց կգտնենք, որտեղ էլ որ լինեն», - հավաստիացրել է բարձրաստիճան զինվորականը։

«Իսրայելական օդուժը 36 ժամ շարունակ գրոհներ է իրագործում: Ալիքը ալիքի հետևից, 4 ժամը մեկ ինքնաթիռների նոր խմբեր են ուղևորվում առաջադրանք կատարելու, ներգրավված են մեր բոլոր օդաչուները, հազարավոր հրթիռներով հազարավոր թիրախների ենք հարվածներ հասցնում», - ասել է փոխծովակալը:

Թիրախների թվում է նաև Ռեմալը՝ Գազայի ամենահայտնի և շքեղ թաղամասը, խորհրդանիշը, որը հատուկ արժեք է «Համաս»-ի և դրա անդամների համար: Խան Յունիսում էլ թիրախ են դարձել «Համաս»-ի հետախուզական և հրամանատարական կենտրոնները:

Մոսկվան մեղադրում է Վաշինգտոնին

Այս լարված իրավիճակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իսրայելցիների և պաղեստինցիների զինված հակամարտության վերսկսման համար Վաշինգտոնին է մեղադրում:

«Շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ սա Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման վառ օրինակն է, ԱՄՆ-ը փորձում էր մենաշնորհել լուծումը, բայց, ցավոք, մտահոգված չէ երկու կողմերի համար ընդունելի փոխզիջումներ գտնելով, ընդհակառակը՝ առաջ է քաշել սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է դա անել, և երկու կողմերին է դա պարտադրել», - ասել է Պուտինն Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Ալ-Սուդանիի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացում:

Զոհերի և վիրավորների թիվն աճում է

Անցած շաբաթ օրը մեկնարկած պատերազմի ընթացքում իսրայելական կողմի զոհերի թիվը գերազանցել է հազարը, ևս ավելի քան 3 հազար 400 մարդ վնասվածք է ստացել: Պաղեստինցիներից զոհվել է մոտ 800 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 5 հազարին:

Ակնհայտ է, որ թե՛ մեկ և թե՛ մյուս կողմի պարագայում այդ տխուր վիճակագրական թվերը կաճեն:

«Համաս»-ի հայտարարել է, թե իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով:

ՄԱԿ-ը դատապարտում է շրջափակումը

Կենսական անհրաժեշտության՝ այդ թվում հոսանքի և խմելու ջրի մատակարարումները դադարեցվել են: Շատ ընտանիքներ խուճապահար հեռանում են: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը դատապարտել է շրջափակումը:

«Միջազգային օրենքը հստակ է՝ կա քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և քաղաքացիական ենթակառուցվածքը չթիրախավորելու պարտավորություն: Տարբերակման սկզբունքները և անխտիր կամ անհամաչափ հարձակումների արգելումն առաջնային են», - հայտարարել է գրասենյակի ներկայացուցիչ Շամդասանին:

Կողմերն առայժմ հակված չեն հրադադար հաստատել

Միջնորդները՝ Եվրոպան, Եգիպտոսը, այլ երկրներ, փորձում են պատերազմն ավարտելու դիվանագիտական ուղիներ գտնել, սակայն Իսրայելը ռազմական գրոհները դադարեցնելու ցանկություն չի հայտնում, հրադադարի մասին գոնե այս պահին չեն խոսում նաև պաղեստինցիները:

Իսրայելի և «Համաս»-ի միջև նոր առճակատման զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1800-ը
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG