Մատչելիության հղումներ

«Համաս»-ը շարունակում է հրթիռակոծել Իսրայելի ոչ միայն հարավային, այլև կենտրոնական խոշոր քաղաքները


Գազան վերահսկող «Համաս» խմբավորման զինյալների հրթիռակոծությունները շարունակվում են Իսրայելի ոչ միայն հարավում, այլև կենտրոնական խոշոր քաղաքներում: Այսօր հենց «Ազատության» հարցազրույցի ժամանակ օդային տագնապի ազդանշաններ միացան Թել Ավիվից արևելք գտնվող Պետախ Տիկվա քաղաքում։

Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը ստիպված էր ընդհատել հարցազրույցն ու ընտանիքի անդամների հետ ռմբապաստարան տեղափոխվել:

«Համատիրության նախագահն եմ մեր երկու շենքերի, և այդ ռմբապաստարանների բանալին իմ մոտ է, նաև հանդիսանում եմ պատասխանատու մարդկանց հավաքելու և այլն: Վայրկյաններ առաջ ենք վերադարձել, օրենքով պետք է 15 րոպե այնտեղ սպասեինք, ուղղակի կանայք արտասվում էին, չուզեցի, որ երեխաները տեսնեին այդ ամենը», - նշեց Չերնամորյանը:

Հոկտեմբերի 7-ից մեկնարկած հարձակման հետևանքով երկու կողմերում հարյուրավոր զոհեր կան, հազարավոր վիրավորներ կան։

Հարձակման թիրախ դարձած Իսրայելի հարավային ու կենտրոնական հատվածներում, ըստ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, 3000 հայ է ապրում։ Գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ իրենք կապի մեջ են տեղի հայ համայնքի հետ, այս պահին ազգությամբ հայ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա։

«Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի հայկական համայնքային կառույցների և մեր համայնքային ակտիվի հետ, ներկա դրությամբ հայության շրջանում վիրավորներ, կորուստներ, հայկական հաստատությունների վնասումներ չկան», - ասաց Ալեքսանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ շուրջ 10 հազար հայ է ապրում Իսրայելում, պաղեստինյան Արևմտյան ափում մի քանի հարյուր է հայերի թիվը, իսկ «Համասի»-ի կողմից վերահսկվող Գազայում, ըստ Հովհաննես Ալեքսանյանի, հայեր չեն բնակվում. - «Մարդիկ փորձում են տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում»:

Թել Ավիվից հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքից Մաքսիմ Սարգսյանը պատմում է՝ օդային տագնապի ազդանշաններ պարբերաբար են միանում։ Վերջին օրերին մարդկանց մեծ մասը ապաստարաններում է։

«Պարբերաբար միանում են և միացել են, այդ թվում՝ Բաթ Յամ քաղաքում ուղիղ հարվածներ եղել են, ու նաև բնակելի շենք է վնասվել: Քիչ առաջ էլ պայթյունների ձայներ լսվեցին, ենթադրում եմ, հարակից քաղաքներում են, որովհետև մեզ մոտ ձայնային ազդանշանը չմիացավ: Ամեն դեպքում պայթյուններ կան, պայթյուններ եղել են նաև գիշերը մեր հարևան քաղաքներում: Դա պարբերաբար...., անկանխատեսելի է՝ երբ կլինի, որ պահին կմիանա ձայնային ազդանշանը: Ճիշտ արձագանքել է պետք ու արագ ապաստարան տեղափոխվել», - ներկայացրեց Սարգսյանը:

Իսրայելում Հայաստանի դեսպանությունն այդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արել «ձեռնպահ մնալ հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ»: Դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր էլ հայտնել է, որ Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ «ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով»:



XS
SM
MD
LG