Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղից մոտ երկու հարյուր հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։
Թե ովքեր են այդ ցուցակում, կամ ով է բարձրաստիճան դիվանագետը, լրատվամիջոցը չի հայտնում։
Մինչ այդ սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյան է ձերբակալվել Լաչինի միջանցքով Հայաստան անցնելիս՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Նրան տարել են Բաքու, մեղադրանք են առաջադրել երեք ծանր հոդվածներով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ մասնակցություն և քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի Հանրապետություն»։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ Վարդանյանը չորս ամսով կալանավորվել է։
Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։
Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ երեկ հայտարարել է Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին։
Ըստ Բաբայանի՝ ինքն ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
«Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ», - Ֆեյսբուքում գրել է Բաբայանը։
Մինչդեռ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբջանին համաներում հայտարարելու կոչ էր արել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սեպտեմբերի 27-ին ունեցած հեռախոսազրույցում, ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Բլինքենը նշել էր Ղարաբաղի հայերին անվտանգության երաշխիքների տրամադրման կարևորությունը և ընդգծել էր «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու և հումանիտար օգնության անարգել մուտք ապահովելու անհրաժեշտությունը։
Երեկ Վաշինգտոնը հայտարարեց Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին՝ կոորդինացնելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին:
Այդ թիմը, համաձայն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության, գնահատելու է իրավիճակը, որոշելու է կարիքների առաջնահերթությունները և աշխատելու է գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում խոցելի բնակչության անվտանգությամբ, ասված է հայտարարությունում։