Մատչելիության հղումներ

«Երեք օր է՝ ճանապարհներին էինք». Գորիսի համակարգման կենտրոնում շարունակում են ընդունել տեղահանված արցախցիների


Արդեն 5-րդ օրն է՝ Գորիսի համակարգման կենտրոնում շարունակում են ընդունել տեղահանված արցախցիներին: Երեկվանից Կոռնիձորում այլևս չեն հաշվառում տեղահանված ընտանիքներին: Հաշվառումն իրականացվում է միայն Գորիսի և Վայքի կենտրոններում:

Հայաստան տեղափոխված մարդկանց մտահոգում է Ստեփանակերտում մնացածների խնդիրը: Նրանք նշում են, որ մնացել են այն մարդիկ, ովքեր մեքենա, բենզին չեն գտնում, որպեսզի տեղափոխվեն, խնդիր է նաև սննդի իսպառ բացակայությունը: Թեև ամեն օր հայտարարվում է, թե հումանիտար աջակցություն է մտել Արցախ, արդեն Գորիս հասած մարդիկ պնդում են, թե Ստեփանակերտում սով է:

Այս պահի դրությամբ Հակարիի անցակետը հատած արցախցիներից մոտ 14 հազարն է ընդունել պետության առաջարկն ու տեղավորվել տարբեր մարզերի տարբեր բնակավայրերում:

«Երեք օր է մենք ճանապարհներին էինք», - ասաց Գորիս հասած արցախցիներից մեկը:

Մարդիկ տեղ են հասնում թերսնված, հյուծված: Համակարգման կենտրոնում աշխատում է բժշկական մեծ խումբ, նրանք պատմում են, որ մարդիկ տարբեր խնդիրներով են իրենց դիմում, հիմնականում նյարդային իրավիճակ, գերճնշում, շաքարային դիաբետ:

Տարբեր հատվածներում վրաններ են տեղադրվել, կան հարյուրավոր կամավորներ, որոնք նոր նոր տեղ հասած մարդկանց առաջարկում են տաք թեյ, սնունդ, դեղորայք:

XS
SM
MD
LG