Մատչելիության հղումներ

«Փախել եմ, եկել, ո՛չ կռիշ ունեմ, ո՛չ տուն». մարդկանց հոսքը Արցախից Հայաստան շարունակվում է


Մարդկանց հոսքը Արցախից Հայաստան շարունակվում է: Այս պահին եկած վերջին ավտոբուսներով տեղափոխվել են հիմնականում Մարտակերտի շրջանի բնակիչներ: Զուգահեռ նաև կան ավտոբուսներ, որոնք մարդկանց Գորիսից տեղափոխում են տարբեր մարզեր:

«Ազատությանը» հայտնեցին, որ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում այն տեղերը, որոնք պատրաստված էին տեղահանված ընտանիքների համար, արդեն զբաղված են, և այժմ մարդկանց տեղավորում են Գեղարքունիքի մարզում:

«Որտե՞ղ գնանք ապրենք, դե տեղ տվեք գնանք ապրենք: Երեխաներիցս մեկը մնացել ա Ստեփանակերտի հիվանդանոցում, բուժվում ա, մեկին բերել եմ, ես չգիտեմ ինչ անեմ», - ասաց Արցախից Հայաստան տեղափոխվածներից մեկը:

Մարդիկ Գորիսի կոորդինացիոն կենտրոնից դուրս են գալիս, սնունդով, դեղորայքով և գոնե նախնական գիտեն, թե որտեղ պիտի գնան: Նրանցից շատերը համաձայն չեն կեցության վայրի ընտրության հետ, մասնավորապես, Սյունիքի մարզը շատերի սրտով չէ. համարում են, որ այստեղ ևս կան անվտանգային խնդիրներ:

Գորիսի կոորդինացիոն կենտրոնում գրանցում են այն մարդկանց, ովքեր գնալու տեղ չունեն, իսկ Կոռնիձորի կենտրոնում՝ նրանց, ովքեր ունեն հարազատ, բարեկամ, որտեղ կարող են գնալ:

«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, դիրքերից իջել եմ, էլ արդեն հնարավոր չի եղել գնամ էրեխեքիս հանեմ գյուղից, ճանապարհները փակ են եղել: Ես հիմա պետք ա այստեղ մնամ, տեսնեմ էրեխեքս կգան-չեն գա, եթե չեկան, պետք ա հետ գնամ էրեխեքիս մոտ: Եթե իմ էրեխեքը չգան, ես մնամ ի՞նչ անեմ», - ասաց Մարտունու շրջանից Հերհեր գյուղից տեղահանված Նունե Գրիգորյանը:

«Կարելի ա ասել՝ բոլորը կարողացան դուրս գալ, թուրքեր կան էնտեղ, ահագին զոհ ենք տվել գյուղից», - ներկայացրեց Վանք գյուղից տեղահանված Ֆլորա Բաղրամյանը:

«Փախել եմ, եկել, ո՛չ կռիշ ունեմ, ո՛չ տուն ունեմ, երեք անգամ ընկել եմ պատերազմի մեջ, Իշխանաձորից դուրս եկա, եկա հասա Գորիս, ստեղ տուն դրի, նորից հասա Պատարա, ընդեղ տունս կորցրի, դե տուն տվեք, բա ի՞նչ անեմ: Իրանք թոռնիկիս, ամուսնուս, փեսուս հանեցին դուրս, եկան հաշվեցին մեր էրեխեքին, թուրքը հաշվում էր՝ էսքան հոգին կին, էսքանը երեխա, իրանք հանգիստ, լավ ձևով, ասում են՝ ոչ մի բան չենք անում հայերին, բայց էլ ի՞նչ, մոխիր են սարքել հայերին», - ասաց Պատարայից տեղահանված Ասյա Մանգասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

ՀՀ կառավարության հայտնած վերջին տվյալներով՝ վեց հազարից ավելի հայ է դուրս եկել արդեն Արցախից:

XS
SM
MD
LG