«Երևանի ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը», - «Ազատության» հետ զրույցում նախ պնդեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, հետո ընդունեց, թե «իշխանությունը պարտվել է»։
«Ժողովրդավարությունը ևս մի անգամ հաղթեց, բոլորը համոզվեցին, որ իրոք մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով: Շատերը մինչև ընտրությունը խոսում էին, որ հեսա կեղծելու են, խարդախություն են անելու, և մենք ու մեր ժողովուրդը համոզվեցինք, որ իրոք, ոչ մի մեծ խախտումներ չեն եղել, ու մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով: Ժողովրդավարությունը հաղթանակեց: Հիմնականում, որ սենց վերցնես, ժողովրդավարությունն, այո, հաղթել է, բայց պարտություն է իշխանության համար, բայց նաև պարտություն չի, իշխանությունը կարա նաև կոալիցիա կազմի ու կոալիցիոն կառավարություն լինի», - ասաց Մելքոնյանը:
2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի թիմը Երևանի ընտրություններում ստացել էր ավելի քան 294 հազար ձայն, ուղիղ 5 տարի անց, շուրջ 4 անգամ պակաս, մոտ 75 հազար հազար ձայն։
Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ իշխանությունը կորցրեց իր ընտրողներին մեծ մասին։
«Հիմնական պատճառը ես տեսնում եմ՝ արխային ընկնելու, 1996 թվականին, երբ որ իշխանությունը եկել էր իշխանության, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, այն ժամանակ էլ մեծ ցուցանիշներով եկավ ու, ուղղակի ես համեմատական եմ անցկացնում, 96 թվականին, կարելի է ասել, արդեն պարտվելու շեմին էր: Այսինքն, իշխանությունները բանի մեջ ընկան՝ արխային, որ մեկ է իրանք հաղթելու են: Հիմա էլ սենց եղավ, բայց չէ՞ որ 4-5 տարում էդ կատարած աշխատանքներում կան նաև թերություններ, որ ասենք Ղարաբաղի հարցը որոշ մարդկանց հիասթափեցնում է, նաև մնացած գործոններ կան, որ մարդիկ հետ են քաշվում: Երբ որ գնում ես ընտրության, դու արդեն պիտի որոշես՝ ում ես ձայնդ տալիս, ապագան ում հետ ես կապում: Հիմա էդ մարդիկ, որ կապել են «Դոգի» հետ իրենց ապագան, ես չեմ կարա ոչ մի բան ասեմ», - ասաց Գագիկ Մելքոնյանը:
Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները նախևառաջ հենց Նիկոլ Փաշինյանի պարտությունն է։ Երևանն, ըստ էության, մերժեց Փաշինյանի քաղաքական կուրսը, նշում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հինգ տարվա ընթացքում քվեները չորս անգամ կորցնելը, տենց բան պետք է շատ փորձել: Ես չեմ հիշում Հայաստանում խաղաղ պայմաններում արդյոք որևէ քաղաքական ուժ այդպիսի հեղինակության կորուստ է ունեցել», - նշեց Խաչատրյանը:
Դաշնակցական պատգամավորը միաժամանակ արձանագրում է՝ Երևանի ընտրությունների արդյունքները նաև Հայաստանի քաղաքական համակարգի համար մեծ փորձություն էին, քանի որ երկրի ամենամեծ ու ազդեցիկ քաղաքում ընտրություններին չի մասնակցել ընտրողների ավելի քան 70 տոկոսը։
«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հաջողացրել է նաև ջարդի մարդկանց մեջ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը երկրի ու իրենց համայնքի առաջ», - ընդգծեց նա:
«Ազատության» հարցին՝ «Ձեր նշած պարտության գլխավոր պատճառը ո՞րն է», Խաչատրյանը պատասխանեց. - «Բոլոր ձախողված խոստումները, ընդհանրապես «Քաղպայմանագիրը» և իշխանությունը ասոցացվում է անձնապես Նիկոլ Փաշինյանի հետ, սա նաև Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է, նրա քաղաքական կուրսի ձախողումը, գոնե Երևանի կողմից քաղաքական կուրսի մերժումը»:
Դաշնակցական պատգամավորն ասում է, որ այժմ գլխավոր խնդիրն այն է, որ Երևանի ավագանու ընտրված ոչ իշխանամետ ուժերը թույլ չտան, որ իշխանությունը կրկնի այն նույն քայլերը, որոնց շնորհիվ կարողացավ իշխանության գալ Գյումրիում և Վանաձորում։
2021-ին Գյումրիում քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց «Բալասանյան դաշինքին», սակայն վերջինս կոալիցիա կազմեց ոչ թե ընդդիմադիր ուժերի, այլ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Վանաձորում 2021-ին դարձյալ իշխող ՔՊ-ն պարտվեց։ Քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր Մամիկոն Ասլանյանը, քվեարկության արդյունքները հրապարակելուց մի քանի օր անց, սակայն, իրավապահները նրան կալանավորեցին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու կեղծիքի հոդվածներով։ Անցած տարի վարչապետ որոշմամբ՝ Հայաստանի երրորդ քաղաքի համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց Արկադի Փելեշյանը։
Ի՞նչ կլինի Երևանի պարագայում. կհաջողվի՞ ՔՊ-ին կոալիցիա կազմել ավագանի անցած այլ ուժերի հետ, առայժմ պարզ չէ։ Իշխող ուժը փակագծեր չի բացում։