Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ցուցանիշը թերևս մայրաքաղաքի համար ամենացածրն էր, երեկ նկատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ չի հիշում Երևանի մասնակցության նման ցածր ցուցանիշ։
«Բայց կարող եմ ուղղակի ասել, որ վերջին ընտրությունների դինամիկան անընդհատ գնացել է դեպի նվազում, կարող եմ ասել, որ սա ընտրողների որոշումն է», - ասաց Հովակիմյանը։
Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28,46 տոկոսը կամ 824 հազար 250 ընտրողներից 234 հազար 553-ը։
Երեկ բազմաթիվ բողոքներ էին հնչում, որ ոչ բոլոր ընտրողներն են ծանուցումներ ստացել քվեարկության տեղի վերաբերյալ։
Հովակիմյանն ասաց, որ խնդրից տեղյակ է, իրենք էլ են թեժ գծին բազմաթիվ ահազանգեր ստացել, սակայն չի կարծում, թե սա կարող էր որևէ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ ԿԸՀ նախագահը սակայն, մտահոգված էր՝ պետությունից միջոցներ են տրամադրվել բավականին թանկարժեք ծառայության համար՝ մեկ ծանուցումը մոտ 330 դրամ, ծառայությունը պատշաճ չի մատուցվել, հետևաբար, ըստ Հովակիմյանի, բողոքներ կան և բողոքների գնահատականը պետք է տրվի։
Ընդգծելով, որ ընտրողներին ծանուցելու գործընթացը կազմակերպում էր Ներքին գործերի նախարարությունը՝ «Հայփոստ» ընկերության միջոցով, Հովակիմյանը նաև շեշտեց՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները տեղադրված են և ընտրողն ինքը կարող էր հինգ րոպեում հասկանալ, թե որ տեղամասի ընտրող է և որտեղ է գտնվում տվյալ տեղամասը։
«Սակայն, կարծում եմ Ներքին գործերի նախարարության մեր գործընկերները կոնկրետ Միգրացիայի և քաղաքացիական ծառայությունը պետք է որ «Հայփոստ» ընկերությունից ստանա պարզաբանում, թե քանի ծանուցում ֆիզիկապես չի առաքվել, որպեսզի նաև բյուջեից վճարումը լինի ըստ այդմ, որովհետև, եթե մենք ունենք փաստ, որ քաղաքացիները չեն ստացել ծանուցում՝ ֆիզիկապես չի առաքվել՝ փոստատարն է թերացել, կամ չգիտեմ, այս դեպքում ընդամենը պետք է ուղղակի պարզել, որպեսզի չմատուցված ծառայության համար պետությունը չվճարի։ Բայց որ նման դեպքեր եղել են, այո՛, մեր թեժ գծին էլ են ահազանգեր ստացվել», - եզրափակեց Հովակիմյանը։