Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն պարզաբանում է՝ ինչու է վարչապետի կինը գրանցված մի ընտրատեղամասում, քվեարկել մեկ այլ ընտրատեղամասում


ԿԸՀ իրավիճակային կենտրոնը ստացել է մի շարք ահազանգեր, այդ թվում՝ մի դեպքի մասին, երբ ընտրողին քվեարկությունից հետո հարցրել են, թե ում օգտին է քվեարկել, ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Ժիրայր Կարապետյանը։

Հիշեցնելով, որ արգելվում է ընտրողին հարցնել, թե ում օգտին է քվեարկել՝ Կարապետյանը նկատեց՝ նման դեպքերում կարող է քրեական պատասխանատվություն առաջանալ։

Ըստ ԿԸՀ անդամի՝ եղել է նաև ահազանգ Երևանում գրանցված օտարերկրյա ընտրող քաղաքացիների հայերեն չիմանալու և կարդալ չկարողանալու մասին։ Կարապետյանի խոսքով՝ նման դեպքում հանձնարարվել է ՏԸՀ ներկայացուցիչներին ընթերցել նրանց համար քվեաթերթիկների բովանդակությունը, առաջարկ է արվել հիշել իրենց նախընտրած թեկնածուի համարը և քվեարկելիս առաջնորդվել թվով:

Ըստ elections.am-ում հրապարակված ընտրողների ռեգիստրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է Կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, սակայն ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ քվեարկել է 8/16 ընտրատեղամասում։

«Ազատությունը» հետաքրքրվեց Կարապետյանից, թե ինչպես կպարզաբանի նման ընտրությունը, ԿԸՀ անդամը պատասխանեց, որ առաջին անգամ է ստանում նման տեղեկություն և ճեպազրույցից հետո կպարզի՝ ինչու է նման բան տեղի ունեցել և կներկայացնեն լրագրողներին:

Ավելի ու ԿԸՀ քարտուղարը պարզաբանեց․ - «Ես անձամբ զանգահարել եմ ԿԸՀ նախագահին, նա էլ ճշտել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովից, թե արդյոք Աննա Հակբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են՝ այո՛, եղել է»։

Ըստ Սմբատյանի՝ elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները, քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը elections.am կայքում տեղադրելու պահանջ, հետևաբար վերջին ավելի քան 1 ամսվա փոփոխությունները կարող են արտացոլված չլինել այդ ցուցակում:

ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ տեղամասերի պատերին փակցված են վերջնական ցուցակները, դրանք տեղադրված են նաև police.am կայքում:

XS
SM
MD
LG