Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորն իշխող ուժին վարչական ռեսուրսի շահագործման մեջ է մեղադրում, ԿԳՄՍ նախարարը չի ընդունում


Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որ օրերս հայտարարել էր, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն իրեն աշխատանքից հեռացրել է ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով, երեկ խորհրդարանում կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին դիմեց՝ հիշեցնելով իշխող ուժի 2018-ին խոստումներից մեկը, թե «կրթության համակարգից արմատախիլ կանեն կուսակցական և խմբային երևույթներն ու շահերը»։

«2018-ին իշխող քաղաքական ուժը հայտարարում էր, որ մանդատ է ստացել՝ կրթության համակարգից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երևույթներն ու շահերը, իսկ իրականությունը բոլորովին այլ է թե՛ բուհերում, թե՛ հանրակրթությունում», - ասաց Գալստյանը։

Հետո Լիլիթ Գալստյանն անդրադարձավ վերջերս համացանցը ողողած մի տեսանյութի, որտեղ մի խումբ կանայք, ներկայանալով դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տեսախցիկի առաջ հերթով նշում էին, թե իրենց կոլեկտիվներից քանի հոգի են եկել քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի հավաքին։

«Սա իրավական անուն ունի՝ վարչական ռեսուրսի շահագործում, նաև քաղաքական՝ նախընտրական խոստումից հրաժարական։ Ի՞նչ է Ձեր գնահատականը և վերաբերմունքը», - հարցրեց Լիլիթ Գալստյանը։

Ժաննա Անդրեասյանն, արձագանքելով դաշնակցական պատգամավորին, չընդունեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Ավինյանի հավաքին դպրոցների ու մանկապարտեզների աշխատակցիները գնացել են վարչական ռեսուրսի կիրառամբ։ Այդ մասին վկայող որևէ փաստ նախարարը տեսանյութում էլ չի գտել։

«Կլինեն փաստեր և հանգամանքներ, և այն բոլոր մարդիկ, ովքեր կփորձեն որևէ ուսումնական հաստատության ուղղորդմամբ տանել որևէ հավաքի, նրանք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը», - ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Հենց որ դրանք հրապարակվել են, նայել եմ՝ այդտեղ կա՞ որևէ համար, որ վերաբերում է նախարարության ենթակայության որևէ հաստատության և հենց առաջին րոպեներին այդ ճշտումներն արվել են։ Ներկայացված որևէ թիվ չէր համապատասխանում իրականությանը»։

Տեսնայութում նշված է եղել 114 դպրոց, բայց նախարարն ասաց ճշտել է՝ այդ դպրոցի տնօրենն ու անձնակազմն այդ օրը որևէ տեղ չեն եղել ու որևէ հավաքի չեն մասկացել։

Գալստյանին չբավարարեց նախարարի պատասխանը․ - «Համաձայն չեմ աղաղակող փաստերի հետ, ինչն արձանագրվեց Նորքի Գայի արձանի մոտ»։

Խոսքն ընդհատվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիտողությամբ․- «Ժամանակն ավարտվեց, տիկին Գալստյան»։

XS
SM
MD
LG