Մատչելիության հղումներ

Ի պատասխան Մոսկվայի Վաշինգտոնը կրկին պնդում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է


Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի ու Բաքվի հետ՝ խաղաղության համաձայանգրին հասնելու համար, երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայից հնչող տեսակետին, թե «հապճեպ» պատրաստված, «հում» խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի։

Պաշտոնյան վերստին հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրիրը հասանելի է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանությունների»։

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն առնչվում են այս քննարկմանը, անմիջական կողմեր են։ Մենք այդ երկրների հետ անմիջականորեն առնչվում ենք։ Հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնեց տարածաշրջան և անմիջականորեն շփվեց նրանց հետ: Եվ մենք հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների կողմից ցանկացած մեկնաբանության։ Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար», - հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Անցած ուրբաթ, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում, Ռուսաստանի ԱԳՆ-ում հետխորհրդային տարածքով զբաղվող առաջատար դիվանագետներից մեկը՝ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության պետ Դենիս Գոնչարը հայտարարել էր, թե «հապճեպ պատրաստված, հում խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի»։

Բարձրաստիճան դիվանագետն ասել էր, որ նման ձևով խաղաղաղության պայմանագրի ստորագրումը հակառակ էֆեկտը կունենա «նոր հակամարտությունների և ողբերգությունների հիմքեր ստեղծելով»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG