Մատչելիության հղումներ

ՔՊ-ը հերքում է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքը և կդիմի դատարան


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարը, հոկտեմբեր, 2022թ.
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարը, հոկտեմբեր, 2022թ.

Երեկ հրապարակված աղմկահարույց ձայնագրությունից հետո իշխող կուսակցությունը հերքում է, թե Երևանի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ վարչական ռեսուրս է չարաշահում։ Ավելին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստվում է հետաքննության հեղինակների դեմ դատական հայց ներկայացնել։

Երեկ «Փաստերի ստուգման հարթակը» մի հետաքննություն հրապարակեց, որի համաձայն՝ իշխող ուժը համայնքապետերի միջոցով հավաքագրում է Երևանի քաղաքապետի իր թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին քվեարկողների տվյալները։ Գործընթացն էլ համակարգում է ՔՊ-ի վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

Լրագրողը զանգահարել էր Սպիտակ խոշորացված համայնքի ու գյուղերի ղեկավարներին, ներկայացել որպես Պապոյանի օգնական, հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Նրանցից առնվազն վեցը հայտնել էին, որ արդեն ունեն կամ շուտով կունենան Ավինյանի օգտին քվեարկողների ցուցակները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյան, արխիվ

Մինչ հետաքննության հեղինակները պնդում են, որ ցուցակագրումը հենց Գևորգ Պապոյանի հրահանգով է արվում, իշխող ուժի ներկայացուցիչն այսօր «Ազատության» հետ զրույցում հերքեց սա, հետո էլ հավելեց՝ այս կերպ արատավորվել է կուսակցության բարի համբավը։

«Իմ անունից ներկայացել են, ինչը իմ և մեր կուսակցության պատվի և համբավի, անվան հետ վատ խաղալու փորձ ա, և դրա համար մեր իրավաբանները հիմա աշխատում են հայցի վրա», - ասաց Պապոյանը:

Նա պնդում է՝ որևէ ցուցակ չի կազմվել, ու վկայակոչում է նույն ձայնագրությունը, թե խոսափողի մյուս կողմում ցուցակագրման հարցին ի պատասխան մարդիկ զարմանք են հայտնել՝ ի՞նչ ցուցակներ. - «Ցուցակագրում, բան չի էղել, ընդհակառակը՝ զանգում ասում ա ցուցակ, բոլորը զարմանում են՝ ցուցակ չկա»:

Մինչդեռ ձայնագրության մեջ լսելի է, օրինակ, որ հեռախոսազրույցի ժամանակ Սպիտակի փոխքաղաքապետ Հովիկ Հովհաննիսյանը պատգամավորի օգնական ներկայացած լրագրողին հարցին, թե Երևանի գրանցում ունեցողներից ի՞նչ մոտավոր պատկեր կա, պատասխանում է՝ Սպիտակի շրջանից ընդհանուր առմամբ 1000 քվեի հույս ունեն. - «Իմ մոտ նորմալ ռեզուլտատ կա, ախպերս: 30 անձի հետ եմ զրուցել, որոնցից 23-ը վստահ ասել են, 7-ն ասել են՝ չեն մասնակցելու»: - «23-ն էլ վստահ խոստացել ա, որ կընտրի՞ պարոն Ավինյանին»: - «Այո»:

Սպիտակի փոխքաղաքապետ Հովիկ Հովհաննիսյանի հետ հեռախոսազրույցն ավելի երկար է տևում, որի ընթացքում տեղի պաշտոնյան անկեղծանում է՝ մարդկանց բացատրել են, որ եթե չընտրեն Ավինյանին, վատ կլինի. - «Ոչ թե ես բացատրում եմ, որ լավ չի լինի, ես էն մասսայի մասին եմ խոսում, որը կոնկրետ պատկերացնում ա, որ չընտրվի՝ իրանց համար ինչքան վատ ա լինում»:

«Համայնքների ղեկավարները քաղաքական գործիչներ են ու կարող են զբաղվել քաղաքականությամբ»

Իշխող ուժի ներկայացուցիչ Պապոյանը պնդում է՝ ձայնագրությունում չկա որևէ փաստ, որ ինքը կամ մեկ ուրիշը ցուցում է տվել համայնքների ղեկավարներին հավաքագրել մարդկանց ու վարչական ռեսուրս կիրառել։ Իշխանական պատգամավորն ասում է՝ համայնքների ղեկավարները քաղաքական գործիչներ են ու կարող են զբաղվել քաղաքականությամբ, և ձայնագրության միակ հաստատված հանգամանքն այն է, որ Սպիտակում իրենց թիմակից քաղաքական գործիչները կոչ են արել ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ինչը թե՛ օրինական է, թե՛ բարոյական է, թե՛ տրամաբանական է ու թե՛՝ քաղաքական:

«Բայց ինքը որպես երևույթ, ասենք՝ որ մեր Սպիտակի կուսակցականները, խորհրդի անդամները, խորհրդի նախագահը, զբաղվեն քաղաքական գործունեությամբ, ես էդտեղ պրոբլեմ չեմ տեսնում», - հայտարարեց Գևորգ Պապոյանը:

«Եթե սա վարչական ռեսուրսի չարաշահման դեպք չի, բա ո՞րն է վարչական ռեսուրսի չարաշահումը»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ

Բացահայտման հեղինակները, սակայն, հրապարակել են ցուցակներից մեկը, Պապոյանին հակադարձում է հետաքննությունն անցկացրած կազմակերպության՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը չի բացահայտում, թե կոնկրետ որ համայնքից են ստացել ցուցակը։

«Մեկը ասում ա՝ ցուցակը հիմա, չգիտեմ, մոտս չի, աշխատանքի տեղն ա, մյուսը ասում ա՝ ցուցակը, խնդիր չկա, հենց հիմա նկարեմ ուղարկեմ, նկարում ուղարկում ա մեզ», - պատմեց Իոաննիսյանը:

Ցուցակագրումն ինքնին խնդրահարույց չէ, ընդգծում է իրավապաշտպանը։ Խնդիրն այստեղ վարչական ռեսուրսի կիրառումն է, երբ համայնքի ղեկավարը ստորադասներին հանձնարարում է զբաղվել այդ հարցով։

«Իհարկե, փոխքաղաքապետի ձայնագրության մեջ նաև լսվում է, որ ինքը հղում է անում նաև աշխատակազմին՝ հա, ասում է, դե սաղ էլ կան՝ վարչական ղեկավարները, աշխատակազմը... Սա մաքուր վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է, էլի: Կներեք, եթե սա վարչական ռեսուրսի չարաշահման դեպք չի, բա էդ դեպքում ո՞րն ա, էլի, վարչական ռեսուրսի չարաշահումը: Վարչական լծակներ են օգտագործվում, որպեսզի մարդկանց ներգրավեն քարոզարշավի մեջ», - նշեց Իոաննիսյանը:

Նա հիշեցնում է ոչ այնքան վաղ անցյալում՝ Հանրապետական կուսակցության օրոք իրենց բացահայտումը, երբ ավելի քան 100 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ընտրողների էին ցուցակագրել իշխող Հանրապետականի համար։ Այն ժամանակ ևս իշխանականները պնդում էին, թե ոչ մի ապօրինություն չկա, երբ տնօրեններն իրենց մոտ են կանչում սաների ծնողներին ու հորդորում ընտրել Հանրապետականին։ Իոաննիսյանը նկատում է՝ այժմ նույնն անում է Գևորգ Պապոյանը, երբ փորձում է հերքել վարչական ռեսուրսի չարաշահումը։

«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և իր քաղաքական թիմի մոտեցումները, մոտեցումների տրանսֆորմացիան թողնում եմ իր խղճին», - ընդգծեց Իոաննիսյանը:

Ներկայիս իշխող ուժին առնչվող այս բացահայտման համար Դանիել Իոաննիսյանին դատի տվող իշխանականները, երբ տարիներ առաջ ընդդիմադիր էին, բացահայտված նույնատիպ փաստն ակնհայտ ապօրինություն էին համարել։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը գործընկերների հետ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջարկելով մրցապայքարից Հանրապետականին հեռացնել հենց վարչական ռեսուրսը չարաշահելու համար։ Ավելին՝ Փաշինյանը եզրակացրել էր, որ այս գործընթացը ղեկավարվել է ամենավերևներից. - «Եվ էդ ձայնագրություններից ակնհայտ է, որ ողջ պրոցեսը իրականացվել է Հանրապետական կուսակցության շտաբների կողմից, մարզպետարանների կողմից, թաղապետարանների կողմից և հետևաբար՝ Կառավարության և նախագահականի կողմից»:

Իոաննիսյանն ընդգծում է՝ այն ժամանակվա և այսօրվա բացահայտման միջև մի տարբերություն կա միայն՝ ներկաների օրոք ընտրողների վրա ճնշումներ դեռ չեն տեսնում։ Իրավապաշտպանի տվյալներով՝ Փաշինյանի թիմը Լոռու մարզից բացի վարչական ռեսուրսը սկսել է չարաշահել նաև այլ մարզերում։ Քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որի համար, ըստ լրագրողների, իրականացվում է այս ցուցակագրումը, դեռ չի արձագանքել «Փաստերի ստուգման հարթակին»։ Իրավապահները ևս լուռ են. պարզ չէ՝ վարույթ կհարուցե՞ն արդյոք այս բացահայտման հետքերով։ «Ազատության» զանգերն այսօր Գլխավոր դատախազություն անպատասխան են մնացել։

XS
SM
MD
LG