Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառը ներկանյութով դիտավորությամբ վնասելու և դրա վրա անպարկեշտ գրառում կատարելու կասկածանքով 57-ամյա կին է ձերբակալվել, ապա՝ ազատ արձակվել:
Հաղորդումը ստացվել է օգոստոսի 27-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնից, քննությունն իրականացվում է ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով, կուսակցությունը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք, ապա՝ ազատ արձակվել, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է և քաղաքապետի թեկնածուն է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով «ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել», պատժվում է տուգանքով, կամ հանրային աշխատանքներով՝ 100-ից 200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամսով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարով: