Մատչելիության հղումներ

«Եթե հողը ճիշտ մշակես, էդ հողը 10 ընտանիք չէ, 20 կպահի». Սիզավետի բնակիչ


Սիզավետցի Արարատ Պողոսյանին հաջողվել է Աշոցքի ցրտին կանաչ ու կարմիր ոսպ, կտավատ, ոլոռ ու հնդկաձավար աճեցնել և լավ բերք ստանալ։ Ռիսկի է դիմել ցանքատարածությունն է կրկնապատկել, վարկ վերցրել ու տրակտոր գնել։

«16 թվին ունեի 15 հա հող, ռիսկի գնացի, գյուղվարկ վերցրի 2 միլիոն՝ 15 տոկոսով, դարձրի 35 հեկտար ցանքս 40 ու էսօր շատ մեծ արդյունք է: Օրինակ՝ 21 թվին ստացա անտոկոս վարկ, Բելառուս բերեցի, որ ուրիշին գումար չտամ, 1,2 միլիոն ես տալիս էի վարող-ցանողին, բայց էսօր բոլորը ես ու կինս ենք անում», - պատմեց Պողոսյանը:

Գյուղատնտեսական սարքերի մեծ պարկ ունի, որ գնել է ՄԱԿ-ի ու Եվրամիության ծրագրերի օգնությամբ։ Մինչև վար ու ցանք անելը հատուկ սարքի միջոցով նախ չափում է հողի խոնավությունը։

Մասնագիտությամբ բուսաբուծ Պողոսյանը հողը մշակում է պահպանելով տեխնոլոգիական բոլոր պրոցեսները, նախ ասում է՝ պետք է ապահովել ցանքաշրջանառությունը, որ լավ բերք ստանաս։ Գյուղատնտեսներին էլ խորհուրդ է տալիս ցանքսից առաջ մի քիչ գումար ծախսել ու հողի որակը լաբորատորիայում ստուգել, թե չէ ամեն տարի ազոտական պարարտանյութով հողը սնուցելը սխալ է համարում։

«Ծախսես 50 հազար, կստանաս 500 հազար եկամուտ, ամեն տարի կտանեն ազոտ կտան էդ հողին, բայց էդ հողն ազոտով հարուստ է, չգիտեն, որովհետև փող պիտի ծախսես, որ փող ստանաս, էսօր ցանկացած բիզնես գումար դրիր, երեք տարի գումար չես տեսնի, 0 կամ 5 տոկոս, իսկ դրանից հետո 50-100, ես 50 տոկոս ստանում եմ», - ասաց նա:

Շիրակի մարզում շատ գյուղացիներ են դժգոհում, որ հողը եկամտաբեր չէ, դրա համար չեն մշակում։ Արարատ Պողոսյանը պատրաստ է բոլորին ապացուցել, որ եթե հողը ճիշտ մշակես, ապա եկամուտ հաստատ կունենաս. - «Բոլորին կարամ ապացուցեմ, որ եթե հողը ճիշտ մշակես, էդ հողը 10 ընտանիք չէ, 20 կպահի»:

Պողոսյանն ասում է՝ հիմա օրգանական սնունդն է պահանջված և միջազգային կառույցները հենց այդ ծրագրերն են ֆինանսավորում։ Օրգանական սննդամթերքը իրացման խնդիր էլ չունի։

Կտավատից ոչ միայն ձեթ, այլ նաև յուղ է ստանում, որը և՛ թանկ է, և՛ լավ իրացվում է։ Հող չմշակողներին էլ մի խորհուրդ ունի. - «Վարեք, ցանեք, մի քնեք, հողը մշակեք, հողը նպատակին ծառայեցրեք»:

Այս տարի նաև փորձնական լոբի է աճեցնում։ Եթե լավ բերք ստանա, հաջորդ տարի ավելի շատ կմշակի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG