Մատչելիության հղումներ

Շիրակցի փաստաբանները սպառնում են գործադուլով. ԲԴԽ-ից արձագանքում են


Շիրակի մարզի մի խումբ փաստաբաններ սպառնում են գործադուլով, եթե դատավորների գործունեությունը կազմակերպող Բարձրագույն դատական խորհուրդը շարունակի մարզի դատավորներին տեղափոխել Երևան և այլ մարզեր։

Հատկապես 2018 թվականից մարզում դատավորների անընդհատ փոփոխությունների հետևանքով ձգձգվում են թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական գործերի քննությունը, քանի որ նոր դատավորները գործերի քննությունը զրոյից են սկսում, այսօր դժգոհում էին շիրակցի փաստաբանները։

«2018-2019 թվականներից Շիրակի մարզ մուտք եղած քրեական գործերով չկա որևէ քրեական գործ, որը քննվել և ավարտվել է մեկ դատավորի կազմում», - նշեց Արամայիս Հայրապետյանը:

Նրա պնդմամբ՝ այս պայմաններում խախտվում են մարդկանց իրավունքները՝ մեղադրյալները տևական ժամանակ կալանքի տակ են մնում, ազատության մեջ գտնվողները չեն կարողանում դուրս գալ երկրից, և ընդհանուր առմամբ արդարադատություն չի իրականացվում։

«Ստացվում է, որ ամիսներ շարունակ քրեական գործը քննում են, ռեսուրսներ են վատնվում, սակայն քրեական կամ քաղաքացիական գործը, ըստ էության, որևէ լուծում չի ստանում: Սա առաջնային խնդիր է, հաջորդ խնդիրը, որը տեղափոխությունների պատճառով առաջանում է, դա քաղաքացիների իրավունքների մասսայական խախտումներն են», - շեշտեց նա:

2018 թվականից հետո փոխվել են Շիրակի մարզի դատարանի գրեթե բոլոր 13 դատավորները

Փաստաբանների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018 թվականից հետո փոխվել են Շիրակի մարզի դատարանի գրեթե բոլոր 13 դատավորները. - «Վերջին 2-3 տարում Շիրակի մարզի տեղի է ունեցել դատավորների 13-14 տեղափոխություն, այսինքն՝ նույնքան որքան ընդհանուր հաստիքակազմն է Շիրակի մարզի դատավորների: Ավելին ասեմ՝ Շիրակի մարզում, օրինակ, ամենաերկար դատավորը, ով մնացել է, շուրջ մեկ տարի է, տարիկուես, աշխատում են, անգամ մի քանի ամիս աշխատում են և տեղափոխվում են Երևան կամ այլ մարզեր»:

Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջի համաձայն՝ 13 դատավորի հաստիք ունեցող Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այժմ գործող 9 դատավոր կա, 4 հաստիք թափուր է։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ ամենաերկարակյաց դատավորը Լիլիթ Խաչատրյանն է, որը ծնունդով Գյումրիից է, աշխատում է 2011 թվականից։ Դատավորներին Շիրակում սկսել են հաճախ փոխել 2019 թվականից։ Օրինակ՝ վերջերս նշանակված դատավորներից մեկը երկու ամիս էլ չի աշխատել, դիմում է գրել ու Երևան տեղափոխվել։

Փաստաբանները տարակուսած են՝ ինչո՞ւ դատավարները չեն ուզում Գյումրիում աշխատել։ Փաստաբան Հայկ Հարությունյանի մոտ երեք տասնյակ վստահորդներից յուրաքանչյուրը 2019-ից երեք դատավոր է փոխել։ Փաստաբանն անգամ սեփական հաշվարկն է արել, թե այս տեղափոխությունների հետևանքով որքան անիմաստ գումար է ծախսվել. - «Չորս դատավոր միանգամից քրեականով տեղափոխվելով, եթե հաշվում ենք՝ գոնե երեք միլիոն ծախսվել է մի դատավորի վրա մի ամսվա կտրվածքով, եթե մի տարվա կտրվածքով վերցնենք, չորս դատավորի դեպքում լինում է, որ ամիսը 12 միլիոն, և տարվա կտրվածքով գալիս է, 100 միլիոնն անցնում է»:

Դատավորների Երևան տեղափոխման դիմումների մեծ մասը՝ 70 տոկոսը, մերժվում է

Մինչ շիրակցի փաստաբանները պնդում են, որ այս ամենի պատճառը Բարձրագույն դատական խորհրդի կառավարման թերություններն են, այդ կառույցից հայտարարում են՝ վիճակն այդքան էլ վատ չէ։ Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն, այդուհանդերձ, ընդունում է՝ վիճակը սրվեց, երբ վերջին մեկ տարում դատարանից 6 դատավոր տեղափոխվեց՝ մեկն Արմավիրի մարզ, մյուսները՝ Երևան։

Քոչարյանն ասում է, որ ԲԴԽ-ն սովորաբար դատավորներին տեղափոխում է նրանց իսկ դիմումների հիման վրա, բայց դրանք ոչ միշտ են բավարարվում։

«Այո, յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի դիմել Բարձրագույն դատական խորհրդին համապատասխան խնդրանքով, հատկապես այն դեպքում, երբ նա աշխատում է իր մշտական բնակության վայրից հեռու, և Բարձրագույն դատական խորհուրդն էլ տվյալ հարցի հետ կապված բոլոր հանգամանքները քննարկելով համապատասխան որոշում է ընդունում», - նշեց նա:

Քոչարյանի տվյալներով՝ դատավորների Երևան տեղափոխման դիմումների մեծ մասը՝ 70 տոկոսը, մերժվում է։ ԲԴԽ անդամն ասում է՝ դատավորների թեկնածուների մեծ մասը Երևանից է, այստեղից էլ Երևանում աշխատելու ցանկությունը։ Բայց կա մեկ այլ գործոն՝ դատավորների առաջխաղացումը, երբ նրանց տեղափոխում են վերադաս դատական ատյաններ։ Սրանց էլ ավելանում է հիմնականը՝ դատարանների գերծանրաբեռնվածությունը։ Սա էլ պատճառ է դառնում, որ դատական գործերի քննությունը ձգձգվում է, ասում է Բարձրագույն դատական խորհրդի անդամը:

«Կառավարության, Ազգային ժողովի հետ քննարկումներ են տարվում մի քանի տասնյակ նոր դատավորների հաստիքներ ավելացնելու, որպեսզի այդ գերծանրաբեռնվածության խնդիրը լուծեն», - ասաց նա:

Մինչդեռ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ուսումնասիրությունը փաստում է՝ դատարանների ծանրաբեռնվածության գլխավոր պատճառը դատավորների հաճախակի փոփոխությունն է։

Ըստ ուսումնասիրության՝ դատաքննությունների ձգձգման պատճառներից են նաև փորձաքննությունների, ծանուցումների ուշացումները և տեխնիկական հարցերը, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում արդար դատաքննության վրա: Փորձաքննությունների ձգձգման հետևանքով կարող են անցնել գործերի վաղեմության ժամկետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG