Մատչելիության հղումներ

Շիրակում հացահատիկի լավ բերք է սպասվում, բայց զուգահեռ մթերման գինն է կրկնակի էժանացել


Շիրակի մարզի Խարկով գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանի ցորենի ցանքատարածությունները վնասվել են օրեր առաջ տեղացած կարկուտից ու ուժեղ քամուց։ Սահմանամերձ այս գյուղի տարիներով անմշակ հողերը վերջին տարիներին սկսել է մշակել նաև Վահան Թումասյանը, որը ևս այս տարի լավ բերքի հույս ուներ։

Թումասյանը կարկուտից մի քանի ժամ առաջ էր դաշտում եղել ու նկարել ցորենի շողշողուն, բարձր հասկերը. - «Բավականին լավ բերք էր հասունացել»։

Մի քանի ժամ անց այդ նույն դաշտը արդեն լրիվ ուրիշ տեսք ուներ, հասկերը գետնին էին հավասարվել։ Վնասը, Թումասյանի խոսքով, 100 տոկոս է եղել։

Այս տարի Շիրակի մարզում շուրջ 37 հազար հեկտար հացահատիկ են մշակել։ Ի տարբերություն Անիի տարածաշրջանի, մարզի մյուս հատվածներում, որտեղ կարկուտը չի հասել, առատ բերքի հույս ունեն։

Արևիկի վարչական ղեկավար Վարգես Մելքոնյանը արդեն կանխատեսում է, որ այս տարի գյուղում կրկնակի շատ ցորեն կքաղեն. - «Անցած տարի հացահատիկի միջին բերքատվությունը մոտավորապես երկուս-երկուս ու կեսին հազիվ կհասցներ, բայց այս տարի երեք ու կեսից չորս, չորս ու կես, լավ մշակված դաշտեր ունենք, որ հինգ-վեց տոննա էլ ցորեն կստանանք։ Նույն էլ գարին։ Կարող եմ ասել, որ անցած տարվա համեմատ կրկնակի է բերքատվությունը»։

Արևիկցի Հակոբ Հովհաննիսյանը եռուզեռի մեջ է, պետք է հասցնի բերքը քաղի, որ դաշտում չչորանա ու ամբարի. - «Էս տարվա բերքերը, համեմատած նախորդ տարվա, շատ լավ են։ Սաղին էլ կա էդ բերքերը, լավն են։ Հըմի կմտածենք բարով-խերով քաղենք, պրծնինք։ Օգուտ չկա, ցորենը 70-80 դրամով կընդունեն, ծախս ենք էրե, ծախսն է չի հանե»։

Թեև ռուս-ուկրաինական «հացահատիկի գործարքը» երկարաձգելու տապալումից հետո համաշխարհային շուկայում ցորենի գինը բարձրացել է, բայց տեղում հակառակ պատկերն է։ Եթե անցած տարի մեկ կիլոգրամի արժեքը 160 դրամ էր, հիմա 70-80 դրամ։

Արևիկի վարչական ղեկավարն ասում է՝ նման գին մեկ էլ 15 տարի առաջ եղել. - «Ցորենի գինը չափից դուս էժան է... Ճիշտ է բերք ունենք, բայց էդ լավ էլած պարագայում էլ գինը 70, 80, 90... շատ չնչին, իրանց ծախսերի կեսը չեն հանել»։

Ինչո՞ւ է նվազել ցորենի գինը։ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը մեկ պատասխան ունի. - «Գների նվազումը պայմանավորված է բերքատվության բարձր լինելով։ Այսինքն՝ առաջարկի և պահանջարկի համեմատությամբ է պայմանավորված»։

Սովորաբար հացահատիկի բերքահավաքի ժամանակ ցորենի գինը նվազում է, բայց գյուղացիները շեշտում են, որ գոնե վերջին տասը տարիներին նման կտրուկ գնանկում չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG