Մատչելիության հղումներ

«Մորթել են, վաճառել են պարտքերը փակելու համար». Շիրակում շուրջ 9000-ով պակասել է խոշոր եղջերավորների գլխաքանակը


Հովիտ գյուղում, որտեղ մարդիկ հիմնականում անասնապահությամբ ու արտագնա աշխատանքով են զբաղվում, խոշոր եղջերավորների գլխաքանակը 800-ից հասել է 500-ի. ինչո՞ւ. վարչական ղեկավար Ավետիք Սերոբյանն ասում է՝ ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է, խոպանից ուղարկած գումարը չի հերիքում, գյուղացիները ստիպված անասունին մորթի են ենթարկում կամ կենդանի վաճառում, որ վարկ ու պարտք փակեն։

«Մորթել են, վաճառել են պարտքերը փակելու համար, հիվանդանոցային հարցերը... դրսի գումարը պադերժկա չի անում էլի, շատ ցածր է կուրսը՝ 3.90, 3.80: Հիմնական 90 տոկոսը դրսում արտագնա աշխատանքի են», - ասաց Ավետիք Սերոբյանը:

Այս միտումը նկատվում է ողջ մարզում։ Շիրակում շուրջ 9 հազարով պակասել է խոշոր եղջերավորների գլխաքանակը։ Գրեթե բոլոր տարածաշրջաններում 10-15 տոկոսի անկում կա։ Վարչական ղեկավարը մտահոգ է, որ նոր ուստարվան ընդառաջ գյուղացիները ստիպված կլինի կրկին հարկադիր մորթի ենթարկել անասունին, որ երեխաների համար դպրոցական պարագաներ գնեն։

«Դպրոցների ժամանակ է, ռուբլի չի գալի, ի՞նչ պիտի անեն, սեպտեմբերի 1 է գալիս մի քանի օրից: Շատերը մոլորվել են, ստիպված անասունի գլխաքանակը պիտի կոտորեն, որ իրանց էրեխեքին ճանապարհ դնեն: Տուն կա 3 երեխ ունի, ո՞նց պիտի դպրոց ճանապարհ դնեն», -նշեց Սերոբյանը:

Աղունիկ Աղայանը 2 կով ունի։ Տղաներն արտագնա աշխատանքի են։ Ուղարկած գումարը ստանում, բանկից վերցրած վարկ է մարում. - «Միակ եկամուտն անասունն է, պիտի հորթերը ծախենք, որ վարկերը մարենք»:

Նելլի Սարգսյանը 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է ունեցել։ Հիմա երկուսն են մնացել։ 2 տարի անընդմեջ երաշտի պատճառով խոտի բերքը քիչ էր, գինն էլ՝ բարձր։ Մեկ հակի գինը 2500 դրամի էր հասել։ Անասուն պահելը ձեռնտու չէր, ասում է տիկին Նելլին: Մոտ մեկ ամսի առաջ ստիպված է եղել անասունին մորթի ենթարկել, որ վարկերը փակի։

«Էրինջ եմ ծախել մի գլուխ, որովհետև արդեն ռուսական կուրսը շատ ցածր է, իմ եկամուտը հիմնականում դրսից է գալիս: Կուրսի ցածր լինելու պատճառով, դե գյուղացի ենք, վարկեր ունենք, վաճառել եմ, որպեսզի գոնե էդ ամսվա տոկոսները փակեմ, չգիտեմ՝ հետո ինչ պետք է լինի», - նշեց նա:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն ասում է, որ խոշոր եղջերավորների գլխաքանակի նվազմանը զուգահեռ աճել է մանրի գլխաքանակը։ Գյուղացու համար խոշորին պահելը ավելի դժվար է։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով՝ խոշոր եղջերավորի գլխաքանակի նվազման հիմնական պատճառը խոտի բարձր գինն է։

«Նվազումը հիմնականում պայմանավորվում է նախորդ տարիների սակավաջրությամբ, եղանակային պայմաններով կերի պաշարի քիչ լինելով պայմանավորված», - ասաց Համայակյանը:

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որ իրավիճակը շտկվի։ Պետական աջակցության 2 ծրագիր կա՝ մեկը խելացի անասնագոմ կառուցելն է, մյուսով օգնում է անասուն ձեռք բերելու հարցում։ Շիրակի մարզում արդեն հինգ խելացի անասնագոմ կա։

Ի դեպ՝ կառավարության նիստերից մեկում վարչապետը հայտարարեց, թե գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ պարզել է, որ շատերը տեղյակ չեն այս ծրագրից։ Հանձնարարեց աշխատանքային խումբ ստեղծել ու իրազեկել խելացի գոմերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG