Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցությանը քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Ըստ կառավարության լրատվական ծառայության` նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկել՝ այն լրամշակելու համար և կարևորել կապիտալ ծախսային ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու նոր նախագծերի մշակմանը միտված աշխատանքները: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները զարգանան լավատեսական սցենարով»,- նշել է կառավարության ղեկավարը: