Մատչելիության հղումներ

Կառավարությունը տնտեսական հեղափոխության ծրագիր չի ներկայացրել. Ծառուկյան


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական հեղափոխության ծրագիր չի ներկայացրել: Եթե չփոխվի, ասաց, կողմ քվեարկել չեն կարող:

Ծառուկյանը հայտարարեց՝ «ցեխ շպրտելու խնդիր չունի», բայց դժգոհեց, որ չկան թվեր՝ ո՞ր ոլորտում, ինչքա՞ն գումար է ներդրվելու, հաշվարկված չեն նաև ռիսկերը:

«Պարզ է Հարվարդ չեմ ավարտել, բայց մի հատ կետ ցույց տվեք, որ 19 թվականից մինչև 23 թվականը որևիցե տեղ նշած է՝ ո՞ր ոլորտում, ինչքա՞ն պետք է դրվի՝ առաջին կվարտալ, երկրորդ, երրորդ, չորրորդ, և դրա դիմաց ինչ պետք է ստանան։ Քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է, որ ժողովուրդը ունենա դուխ և կամք, իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, ժամկետը և մեխանիզմը, որը այսօր բացակայում է այդ ծրագրում», - ասաց Ծառուկյանը։

Ներդրողներին, ըստ Ծառուկյանի, այսօր խնդրում են գալ Հայաստան: ԲՀԿ ղեկավարը կարծում է, որ հակառակը պետք է լինի՝ ներդրողը պետք է խնդրի։

«Մենք ներդրողներին խնդրում ենք, նույնը վարչապետը, բայց մենք պետք է ներդրողներին չխնդրենք, իսկ դրա համար հարկավոր է բարենպաստ պայմաններ, շահույթը մեծ լինի։ Ներդրողը կգնա Վրաստան կդնի, կգնա Ռուսաստան կդնի, կգնա Անգլիա կդնի, Էմիրաթներ կդնի։ Դա ցանկացած փողատեր, կայացած մարդ նայում է մեր օրենքները, պայմանները պետք է ամբողջ իտերնետով մեկ, որ բոլորը կարդալուց իրենց մոտ հետաքրքրություն առաջանա, ցանկություն առաջանա, գան հերթ կանգնեն, պարոն Փաշինյանն էլ որոշի, տեսնի նրա կարողությունը, հզորությունը, նրա փորձը այդ ոլորտում և իրենց հնարավորություն տա», - ընդգծեց Ծառուկյանը։

Քննադատությամբ հանդերձ՝ Ծառուկյանը կառավարության ծրագրում նաև դրականն է տեսել, բայց ահա այդ կետերը չմանրամասնեց․ - «Շատ գեղեցիկ է գրած՝ կամեցողություններով, ցանկություններով լի և իհարկե, չեմ թաքցնում՝ կա մի երկու, երեք դրույթներ, որի իրականացման դեպքում, ասենք թե, ժողովուրդը դրական փոփոխություններ կզգան իրենց կյանքում»։

Փաշինյանի ավելի քան 2 ժամանոց ելույթից հետո ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենց մտահոգությունների մեծ մասը փարատված չէ։ Ծրագիրը նրանց համար շարունակում է մնալ վերացական, ոչ կոնկրետ։ Ինչպես քվեարկել, «Լուսավորը» կորոշի հարցուպատասխանից հետո:

«90 անգամ նշված է պետք է բառը, բայց ինչպե՞ս է էդ «պետք է»-ն, որևէ կերպ չկա։ Պարոն Փաշինյանը ներկայացրեց ծրագիրը, բայց փաստացի մեր մտահոգությունների մեծ մասը դեռ չի փարատվել, և հիմա մենք հարցերով փորձում ենք պարզաբանումներ ստանալ էն բացերի վերաբերյալ, ինչ չենք գտել ծրագրում, էն մոտեցումների վերաբերյալ, ինչը խնդրահարույց ենք համարում, և էդ ամենից հետո միայն կկարողանանք քննարկել և մեր դիրքորոշումը ասել։ Էս պահի դրությամբ «Լուսավորը» որոշում չունի, թե ինչպես է քվերակելու», - նշեց Գևորգ Գորգիասյանը։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սկզբունքային չի համարում, որ կառավարության ծրագրին խորհրդարանը միաձայն հավանություն տա։ «Իմ քայլը» խորհրդարանում 88 պատգամավորով է ներկայացված, ծրագիրը հաստատելու համար անհրաժեշտ է 67 ձայն: Մակունցը անգամ չբացառեց, որ իշխանական խմբակցությունը կարող է ազատ քվեարկելու որոշում կայացնել:

«Խոսել ենք ընդամենը մեկ թեմայի շուրջ, որ ուզում ենք հնարավորինս հստակեցնել, մանրամասնել, պարզաբանել կառավարության ծրագիրը, և դա անել թե՛ ինքներս մեզ համար և օգտագործելով նաև հանրային հարթակը՝ ներկայացնել նաև այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նաև հնչեցնել իրենց մտահոգությունը, հարցերի տեսքով, կառավարությանը։ Քվեարկության մասին մենք որևէ որոշում չենք կայացրել, քվեարկության մասին առհասարակ չենք խոսել։ Երբ այդ առումով քննարկում լինի, կարող եմ նաև քննարկման մասին ձեզ տեղյակ պահել», - ասաց Մակունցը։

Արդյո՞ք պատրաստ են կառավարության ծրագիրը փոփոխությունների ենթարկել: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հենց դա էր կողմ քվեարկելու նախապայման համարել:

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ կողմ կամ դեմ քվեարկելը յուրաքանչյուր խմբակցության իրավունքն է, իսկ հստակ տնտեսական ցուցանիշներ, ըստ Պապիկյանի, կլինեն կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում։

«Կողմ կքվեարկեն, թե դեմ, դա յուրաքանչյուր խմբակցության իրավունքն է, իրենց կարծիքն է, չհավատալը նույնպես իրենց իրավունքն է նաև դա քաղաքական դիրքորոշում է գուցե։ Այնուամենայնիվ, առաջիկայում կառավարությունը միջնաժամկետ ծրագրերի իր պլանում կներկայացնի, թե ե՞րբ, ինչպե՞ս է պատրաստվում կատարել նախանշած ծրագրերը», - ընդգծեց Պապիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG