Մատչելիության հղումներ

Գործադիրը նախատեսում է մինչ 2026-ը պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ 60 տոկոսից նվազեցնել


Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, արխիվ
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, արխիվ

Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ օրենքով նախատեսված առավելագույն 60 տոկոսը։ Դա է պատճառը, որ գործադիրը նախատեսում է մինչ 2026 թվականը պետական պարտքի կառավարության բաղադրիչը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ 60 տոկոսից նվազեցնել։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ այդ նպատակով հարկաբյուջետային համախմբում են իրականացնելու. «Կանոնները հուշում են, թե ինչ տրամաբանությամբ պետք է տեղի ունենա հարկաբյուջետային համախմբումը, մասնավորապես, ընթացիկ ծախսերի աճի, կառավարելիության ավելի բարձր մակարդակ և կապիտալ ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ ներդրումների ավելացման ճանապարհով տնտեսական աճի պոտենցիալի մեծացում, որը հնարավորություն կտա ոչ թե քննարկել կառավարության պարտքի բացարձակ մեծության նվազեցման հարց, որովհետև այդպիսի հարց մենք մեր օրակարգում չենք տեսնում, այլ այդ պարտքը սպասարկելու հնարավորության մեծացում, ինչին համախառն ներքին արդյունքի ավելի մեծ աճի և մեծ հնարավորությունների ճանապարհով ենք հասնելու»:

Կորոնավիրուս, 44-օրյա պատերազմ. այս պայմաններում 2020-ի բյուջեն նախատեսվածից ավելի դեֆիցիտ՝ պակասուրդ է ունեցել։ Նախատեսված էր 161 մլն դրամի պակասուրդ, սակայն դրանից կրկնակի ավելի է գրանցվել, նաև դրա հետևանքով է ավելացել պետական պարտքը։

«Մենք ունեցել ենք ծախսերի գրեթե նույն մակարդակը և մի փոքր ավելի, զգալի ցածր հարկային եկամուտների մակարդակով և սրա գինը պակասուրդի ավելացումն է, որը հնարավոր է միայն պետական պարտքի մակարդակի փոփոխությամբ: Սա այն ընդհանուր նկարագիրն է, որը մենք ունեցել ենք 2020 թվականին», - նշեց Ջանջուղազյանը:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը քիչ հավանական է համարում մինչ 2026 թվականը պետական պարտքի նվազեցումը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ, ասում է՝ հաշվի է առնում նախորդ երեք տարիների ցուցանիշներն ու այս պահին երկրում ստեղծված իրավիճակը՝ քաղաքական անկայունություն, ներդրումների բարձր ռիսկայնություն, պետական կառավարման ոլորտում առկա խնդիրներ։ Հակառակը՝ կանխատեսում է, որ նույն իրավիճակի շարունակման պարագայում պետությունն արտաքին պարտքի ճգնաժամի մեջ կհայտնվի։

«Ես պարզ հաշվարկ եմ անում նախորդ երեք տարվա պատկերը, երբ որ մենք գնահատումները մակրոտնտեսական վիճակի պրոեկտենք հաջորդ երեք տարվա կամ հաջորդ հինգ տարվա համար, մենք կտեսնենք, թե որքան արագ՝ 1-2 տարում մենք կընկնենք արտաքին պարտքի ճգնաժամի ճիրաններում», - նշեց Ավետիսյանը:

Ճգնաժամից խուսափելու համար, ըստ տնտեսագետի, բացի հարկային վարչարարության խստացումից անհրաժեշտ է երկնիշ թվով ավելացնել Համախառն ներքին արդյունքը, ասում է՝ դրա համար կապիտալ ներդրումներ են պետք. «Որպեսզի, օրինակ, 2026 թվականին մենք էդ ցուցանիշն ապահովենք 60 տոկոս, պետական պարտքը դառնա 60 տոկոս ՀՆԱ-ի: Եվ կա կառավարելի ավելի քիչ ռիսկային տիրույթ: Սա է ընդհանուր իրավիճակը, մեծ հաշվով նաև կունենանք դա, թե չենք ունենա, կախված է, թե ինչ քաղաքական զարգացումներ կունենանք և ընդհանուր առմամբ նաև ինչպիսի միջնաժամկետ հեռանկար կունենաք իրականում մեր երկրի տնտեսական կայուն զարգացման իմաստով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG