Մատչելիության հղումներ

Վրաստանը պատասխանում է Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու Մեդվեդևի սպառնալիքներին


Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հնարավորության մասին Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը հանդիսանում է Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականության շարունակությունը, հերթական փորձ՝ խախտելու Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, արձագանքել է Թբիլիսին՝ ՌԴ-ին կոչ անելով հարգել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և կատարել կրակը դադարեցնելու մասին 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագիրը։

«Վրաստանը անշեղորեն հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը և այդ ճանապարհով ապահովելու Վրաստանի տարածքի դեօկուպացիան ու պատերազմի հետևանքով բաժանված բնակչության հաշտեցումը», - պատասխանել է Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին։

Ռուս-վրացական կարճատև պատերազմի ժամանակ Մեդվեդևը Ռուսաստանի նախագահն էր։ 2008-2012 թվականներին նա մեկ ժամկետով այդ պաշտոնում փոխարինեց Վլադիմիր Պուտինին։ Ռուսական զորքերը Վրաստան էին ներխուժել 2008-ի օգոստոսի 7-ին՝ Մեդվեդևի նախագահ դառնալուց քիչ անց։ Կարճատև պատերազմից հետո՝ օգոստոսի վերջին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

Մեդվեդևը հիմա մի հոդված է հրապարակել սպառնալով Աբխազիան ու Հարավային Օսիան միացել Ռուսաստանին։

Նա, ըստ էության, կրկնելով Ուկրաինա ներխուժելու Կրեմլի մոտիվացիան, գրել է․ «Արևմուտքը պետք է ևս մեկ կարևոր ու անհրաժեշտ դաս քաղի։ 2008-ին Ռուսաստանը դադարեցրեց Թբիլիսիի վրա հարձակումը, երբ հասավ առաջացած սպառնալիքների վերացմանը և անվտանգության երշախիքների։ Բայց հիմա իրավիճակը նորից ակտիվորեն բորբոքվում է, հավանաբար մեր սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու համար՝ ի լրացում ուկրաինական թևի։ Նորից խոսակցություններ են գնում Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու մասին։

Մեզ պետք չէ կրկնել 2008-ի պատմությունը։ Բայց եթե մեր մտահոգությունները իրական ուրվագծեր ստանան, մենք չենք հապաղի։ Ռուսաստանին միանալու գաղափարը Աբխազիայում և Հարավային Օսիայում նախկինի պես արդիական է, և այն լիովին կարող է իրականացվել, եթե դրա համար ծանրակշիռ պատճառներ առաջանան»:

«Մեդվեդևի հայտարարությունը համահունչ է «Վրացական երազանքի» կառավարության հայտարարություններին»

Վրաստանի ներկայիս իշխանությունները ընդդիմության և Արևմուտքի կողմից քննադատվում են եվրոպական ուղուց շեղվելու, Մոսկվային մերձենալու քայլերի համար։ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Զազա Գոգավան ասել է, թե Մեդվեդևի հայտարարությունները կոչ են ներկայիս իշխանություներին՝ դեն նետել դիմակները ու ուղիղ հայտնել Ռուսաստանի հետ լինելու մասին։

«Սա մեկին մեկ համապատասխանում է «Վրացական երազանքի» հայտարարություններին ու նարատիվներին, թե Արևմուտքը մտադիր է Վրաստանում երկրորդ ճակատ բացել։ Ուղիղ խոսենք՝ Մեդվեդևի հայտարարությունը համահունչ է «Վրացական երազանքի» կառավարության հայտարարություններին։ Դա սպառնալիք չէ, դա պարզապես արձանագրումն է այն բանի, որ արդեն հասել է ժամանակը, որպեսզի երկու կողմերը դեն նետեն դիմակները և ամբողջ քաղաքակիրթ աշխարհին հայտնեն, որ Վրաստանը գտնվում է Ռուսաստանի ուղեծրում, ռուսական քաղաքականության ազդեցության տակ», - ասել է Զազա Գոգավան։

«Ստրատեգիա Աղմաշենեբելիի» ներկայացուցիչ Պաատա Մանջգալաձեն ասել է, որ պատերազմ սանձազերծելու համար նախկին իշխանություններին մեղադրելու «Վրացական երազանքի» բոլոր հայտարարությունները սուտ են։ «Մեդվեդևի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ռուսաստանին առիթ պետք չէ», - ընդգծել է նա։

Վրաստանի իշխող ուժում կտրականապես անընդունելի են համարել Մեդվեդևի հայտարարությունները

Իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն կտրականապես անընդունելի է համարել Մեդվեդևի հայտարարությունները։ Նա հավաստիացրել է, որ Վրաստանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ և կարող է դրանք վերադարձնել խաղաղ ճանապարհով։

Քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը փորձել է Մեդվեդևի խոսքում տրամաբանություն գտնել։ «Եթե Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, ապա հիմա ի՞նչ կապ ունի Վրաստանը։ Եթե Ախբազիան ու Հարավային Օսիան անկախ են, ապա առաջին հերթին չէ՞ որ պետք է նրանց հարցնել», - մեկնաբանել է քաղտեխնոլոգը։

Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան ասել, որ Աբխազիայում Ռուսաստանին միանալու առաջարկով քաղաքական ոչ մի ուժ չկա։ «Քաղաքական ուժերը հանդես են գալիս Ռուսաստանի հետ սերտ ու միութենական հարաբերությունների օգտին, բայց ոչ թե դառնալ Ռուսաստանի սուբյեկտներից մեկը», - ասել է նա, հայտնելով, որ մոտ օրերս Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Մոսկվայում հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևի հետ։

Աբխազիայի ու Հարվային Օսիայի անկախությունը ճանաչել են ընդամենը 5 երկիր։ Թբիլիսին ու միջազգային հանրությունը այդ շրջանները համարում են Վրաստանի անբաժանելի մասը։

XS
SM
MD
LG