Տասներեք կուսակցություն և մեկ դաշինք 24 օր կհամոզեն երևանցիներին, որ հենց իրենց քաղաքական ուժն է ամենալավը հասկանում մայրաքաղաքի խնդիրները, և քաղաքապետի իրենց թեկնածուն է ի զորու լուծել դրանք։ Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քարոզն այսօր Նուբարաշենից սկսեց. խոստացավ աղբավայրը կոնսերվացնել, մայրաքաղաքում 24 մանկապարտեզի կառուցել։ Ավինյանին էլ խոստումներ տվեցին՝ նրան լսելու եկած քաղաքացիներից մեկը՝ 250 ձայն։
«Երևանցին պահանջատեր է, մենք՝ կատարող», - հայտարարեց Ավինյանը՝ թվարկելով արդեն իսկ կատարվածը։
Մի շարք իրավապաշտպաններ, սակայն, արդեն այսօր ահազանգեցին՝ սա վարչական ռեսուրի չարաշահում է, իշխող քաղաքական ուժի թեկնածուն անկհայտ առավելություն ունի մրցակիցների նկատմամբ։
«Եթե ես որպես Երևանի փոխքաղաքապետ իմ աշխատանքը լավ եմ կատարում, կարծում եմ՝ այդտեղ քննադատելու բան չկա», - ասաց նա։
Իշխանափոխության կոչով առավոտյան իր արշավը սկսեց «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը։ Այս ուժին սատարում է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, որը տեսակապով այսօր իր աջակցությունը հայտնեց կուսակցությանը։ Քաղաքապետի թեկնածու Թանդիլյանը, որ ոչ վաղ անցալում Փաշինյանի կաբինետում նախարարի պաշտոն ուներ, ավագանու ընտրությունները համարում է իշխանափոխության առաջին հնարավորությունը։
«Ընտրությունը կատարեն այն ուժերի միջև, որոնք ասելու են, որ իրենց մանդատը ծառայելու է իշխանափոխությանը Երևանում», - ասաց նա։
«Ազատության» հարցին պատասխանելով՝ Թանդիլյանը շեշտեց՝ իրենց քաղաքական ուժը չի ցանկանում առանձնացնել Երևանի խնդիրները Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներից, իսկ կուսակցության ուշադրության կենտրոնում Արցախն է լինելու։
Թանդիլյանի խոսքով՝ ուժեղ Արցախի համար անհրաժեշտ է ուժեղ Երևան. - «Եվ այս ամենը փոխկապակցված շղթայի մաս է, և մեզ համար այս պայքարը նրա մասին է, որ մենք ամրացնենք մեր պետականությունը, և միայն, կրկնում եմ, ուժեղ պետությունն է, ուժեղ Հայաստանն է ի վիճակի պաշտպանել Արցախը։ Մենք երևանցիներին ազնվորեն ասել ենք, որ հասկանում ենք, թե տարբեր մարդիկ ինչպիսի ընտրություն են անելու՝ լինելու են մարդիկ, ովքեր քաղաքական ընտրություն են անելու, և մենք առաջարկելու բան ունենք նրանց, կան մարդիկ, ովքեր իրենց բակի խնդրի համար են ընտրություն անելու, կան մարդիկ, ովքեր ճոպանողու համար են ընտրություն անելու, և այս ամենն ասելով՝ մենք ընդամենը ցույց ենք տալիս, որ գիտենք բոլոր ընտրողների ցանկությունը, մոտեցումը»։
Քաղաքապետի թեկնածուն նաև նշեց՝ 50+ քվե չհավաքելու դեպքում չի միանա «Քաղաքացիական պայմանագրին»։ Իսկ այլ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթացին» կմիանա՞ն. այս սցենարը Թանդիլյանը չբացառեց. - «Կարմիր գիծն է ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն, և նախկին բարքերին վերադարձ չի լինելու»։
Մանե Թանդիլյանի նախկին թիմակից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ առավոտից քաղաքային հարցեր էր քննարկում։ Շենգավիթում բնակիչները թեկնածուին իրենց մասնավոր խնդիրներն էին ներկայացնում։
«Մեր քարոզարշավն իրականացնելու ենք այս տրամաբանության մեջ՝ լսելու ենք մարդկանց խնդիրները, որոնք տեղային են, և առաջարկենք նրանց համակարգային լուծումները», - նշեց քաղաքապետի թեկնածուն։
Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որ ժամանակին կոշտ քննադատում էր նախկին քաղաքապետեր Տարոն Մարգարյանին, Հայկ Մարությանին, այսօր այդուհանդերձ, չհստակեցրեց՝ արդյոք ժամանակ չի ունեցել այս խնդիրների մասին խոսել, օրինակ, իշխանության թեկնածու, փաստացի քաղաքը ղեկավարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Խաժակյանը միայն ասաց՝ ընտրություններին գնում են իրենց օրակարգով. - «Ես որևէ կաշկանդվածություն որևէ պաշտոնյայի, լինի քաղաքապետարանում, լինի կառավարությունում, չունեմ»։
Թեկնածուների մի մասը ցերեկվա շոգին փողոց դուրս չեկավ՝ նախընտրելով երեկոյան զրույցները։ Նրանցից Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը բակային հանդիպումներ ունեցավ Աջափնյակում, «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն էլ մեկնարկը տվեց Հաղթանակի այգուց։
Փակ քննարկում նեղ կազմով անցկացրեց «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ազատի» զորամասում այրված զինվորների ծնողների շահերը ներկայացնող փաստաբան Նորիկյանը՝ խոսելով Հայաստանի զարգացման մասին։ Ինչպե՞ս, կոնկրետ ծրագրերի մասին խոստանում են խոսել առաջիկա օրերին, հիմա ավելի էմոցիոնալ ելույթներով են կիսվում. - «Ունենք երիտասարդ, միաժամանակ պրոֆեսիոնալ ու կարողանում ներուժ ունեցող թիմ, ունենք կամք՝ անելու ավելի լավը»։
Քաղաքապետ է ցանկանում դառնալ նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, որը գլխավորում է «Մայր Հայաստան» դաշինքը, որի մաս է կազմում նաև նախկին ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Երևանյան ընտրությունները այս դաշինքում ևս կապում են Արցախի հարցի հետ։
«Ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը», - ասաց նա։
Խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար Անդրանիկ Թևանյանը որոշել է երգել, կիթառ նվագել, քարոզել ռոքով։
Հանուն սոցիալական արդարության կուսկացությունից տիեզարական խոստումների փոխարեն առաջարկում են թացը չորից տարբերել ու հասկանալ, որ քարոզարշավը հերթական պոպուլիզիմի առիթն է. - «Դու կարող ես ավելի դարձնել քո քաղաքը», - ասում են նրանք։
Արտասովոր ի՞նչ քայլերի կդիմեն մյուս քաղաքական ուժերը՝ կերևա առաջիկա շաբաթների ընթացքում։
Քաղաքական ուժերից Հայաստանի եվրոպական կուսակցությունը ավանդական քարոզարշավ չի անում, համացանցում են նյութեր տարածելու։ Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթացը» փակ դրամահավաք է կազմակերպում այսօր, «Ժողովրդավարական խմբավորումից» ասացին՝ կտեղեկացնեն, եթե նպատակահարմար լինի։
Կապ չհաջողվեց հաստատել «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների հետ։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին, ընտրություններից հետո 65 հոգանոց ավագանին իր կազմից քաղաքապետ կընտրի։