Մատչելիության հղումներ

Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա կանցկացվի


Օգոստոսի 16-ի ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
Օգոստոսի 16-ի ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց

Ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի պաշարման վերացման համար, դադարեցնել միակողմանի զիջումները հայ-ադրբեջանական հակամարտության լուծման շուրջ. այսօր Կառավարության շենքի դիմաց հենց այս կարգախոսներով գործադիրի նիստին զուգահեռ բողոքի ակցիայի են դուրս գալու մի շարք քաղաքացիներ:

Նախաձեռնության անդամներից Լիլիթ Քոչարյանն «Ազատությանը» փոխանցեց՝ նպատակներից մեկը վարչապետ Փաշինյանին հիշեցնելն է, թե ինչ մանդատով է վերընտրվել։

«Իրենց նախընտրական պլանը դա «անջատում հանուն փրկության» տարբերակն էր, ինքը այդ լոզունգներով է, այդ խոստումով է գնացել ընտրության, ու դրանով են իրեն ընտրել, իսկ հիմա ինքը կանգնում ասում է, որ ինքը ունի մանդատ ու կարող է անել ինչ ուզում է, բայց դա այդպես չէ: Ուղղակի ուզում ենք հասկացնել, որ ինքը մանդատ չունի Արցախը հանձնելու, ինքը մանդատ չունի Հայաստանի կողմից, Հայաստանի և Արցախի հաշվին միակողմանի զիջումներ անել, ինչը տեղի է ունենում վերջին երեք տարիներին անընդմեջ», - հայտարարեց Քոչինյանը:

Միջազգային կառույցներից որևէ բան պահանջելուց առաջ պետական այրերի առջև պետք է խնդիրներ բարձրացնել, ասում է նախաձեռնության անդամը, պնդելով՝ Արցախի հայության անվտանգության երաշխավորը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ թե պատասխանատվությունը հանձնի ռուս խաղաղապահներին։

«Այդ մարդիկ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ու այնտեղ նաև նշված է, թե ով է այդ մարդկանց անվտանգության երաշխավորը՝ դա Հայաստանի Հանրապետությունն է», - ընդգծեց Լիլիթ Քոչինյանը՝ շարունակելով. - «Որպեսզի հիշեցնենք Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, թե իրենք ինչպես են համաժողովրդական շարժման միջոցով եկել իշխանության, մենք բերելու ենք կաթսաների կափարիչներ և շերեփներ և դրանք օգտագործել, ինչպես դա լինում էր նաև 18 թվականի հեղափոխության ժամանակ՝ սիմվոլիկ իրենց հիշեցնելու, թե իրենք ինչպես են իշխանության եկել ու այդպես էլ կարող են գնալ իշխանությունից»:

Երևանում արդեն մեկ ամիս է ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեկ այլ՝ «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը չոր սնունդ է հավաքում՝ պահանջելով միջազգային կառույցից այդ ամենը հասցնել պաշարված ու սովի վտանգի առաջ կանգնած արցախցիներին։

Նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Այվազյանի խոսքով՝ 24 ժամվա ռեժիմով հսկում են պաշարը, հավատալով՝ այն իր նպատակին կհասնի։

«Ամեն դեպքում, մեծ հույս ունենք, որ էս մեր արած, հայրենակիցների ձայնը երբ որ բարձրացնում ենք միջազգային կառույցների մոտ, ինչ-որ բանի վրա ազդում է ու որոշում կայացնողների վրա նույնպես ազդում է: Ցանկացած մարդ, ով իր տան առևտուրը, այսպես ասած, առել, բերել դրել է այդտեղ, որ մենք փոխանցենք ՄԱԿ-ի միջոցով Արցախին, դա նաև իր ներկայությունն է այդտեղ: Սպասում ենք դեռևս», - «Ազատությանը» ասաց Այվազյանը:

Սպասումից զատ, «Բացում» նախաձեռնությունը շաբաթավերջին Երևան-Ստեփանակերտ-Լոս-Անջելես-Նյու-Յորք միաժամանակյա հավաք է պատրաստվում իրականացնել՝ պահանջով «բացել կյանքի ճանապարհը»։

XS
SM
MD
LG