Մատչելիության հղումներ

Ցեղասպանություն, ԼՂ բնակչության «ինտեգրում» Ադրբեջանի բանտային համակարգին. Բաքվի նպատակները՝ ըստ ՀԱԿ փոխնախագահի


Ադրբեջանի կառավարության գործողություններն ապացուցել են միայն, որ Ադրբեջանը նպատակ չի դնում ստեղծել Լեռնային Ղարաբաղի հայության համար նորմալ դեմոկրատական միջավայր, ապրելու պայմաններ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Արցախի արձագանքը Աղդամի ճանապարհի առաջարկին, որի վերաբերյալ հոդված էր հրապարակել ռուսական "Коммерсантъ" պարբերականը:

«Ի՞նչ է նշանակում Աղդամով ինչ-որ օգնություն ստանալը: Նախ՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ օգնությունը իր հետ չի բերում պայմաններ: Հետո՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության և ժողովրդի, մի կողմից, և Ադրբեջանի կառավարության և ժողովրդի միջև ոչ մի վստահություն չկա, հակառակը՝ տարիներ շարունակ թշնամություն է եղել», - նշեց Զուրաբյանը:

«Հետևաբար, ո՞նց կարող են նրանք [արցախցիները] վստահել Աղդամի միջոցով, այն էլ՝ Ադրբեջանի ուղարկած օգնությանը: Օրինակի համար՝ իսկ ի՞նչ երաշխիք կա, որ դա թունավորված օգնություն չի լինի», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը՝ շարունակելով. - «Արդեն մենակ այն, որ Վագիֆ Խաչատրյան ձերբակալեցին՝ մեղադրելով ինչ-որ ժամանակին կատարված հանցագործությունների համար... կներեք, նրանք կարող են ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայությանը մեղադրել կատարված հանցագործությունների համար, այսինքն՝ ինտեգրեն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը նրանց բանտային համակարգին: Լեռնային Ղարաբաղը պիտի համաձայնի հումանիտար օգնություն ստանալ և զուգահեռ հայտնվել Ադրբեջանի բանտային համակարգի մե՞ջ՝ սա աբսուրդ է»:

«Իսկապես, Ադրբեջանի կառավարության գործողությունները ցույց չեն տալիս, որ մենք գործ ունենք իսկապես մի հաղթող պետության հետ, որը, այնուամենայնիվ, պիտի այդ հաղթանակի պայմաններում մի քիչ էլ մեծահոգի լիներ: Աս գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է ցեղասպանությունը, էթնիկ զտումը, հայ բնակչության վտարումը իրենց մտածած այդ Ադրբեջանի միջազգային տարածքից: Այդ առումով՝ ադեկվատ է Լեռնային Ղարաբաղի ռեակցիան», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

XS
SM
MD
LG