Մատչելիության հղումներ

Հեմոդիալիզ ստացող հիվանդները տարհանվում են Արցախից՝ դեղորայքի ու բժշկական պարագաների սուր պակասի պատճառով


Դեղորայքի ու բժշկական պարագաների սուր պակասի պատճառով Արցախից տարհանվում են հեմոդիալիզ ստացող հիվանդները։ Այսօր Ստեփանակերտից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ևս 10 հիվանդ է տեղափոխվել Երևան։

«Մենք ստիպված ենք մեր հիվանդներին ուղարկել Երևան՝ հետագա բուժման համար, հույս ունեմ՝ ժամանակավոր։ Ավելի ճիշտ՝ հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո այս հարցը լուծվի», - ասաց «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի հեմոդիալիզի բաժանմունքի ղեկավար Քրիստինե Ավագիմյանը:

Հակառակ դեպքում հաշված օրերի կյանք էր մնալու հիվանդներին, քանի որ եղած բժշկական պարագաներն ու դեղորայքը սպառվում են, հայտնում են մասնագետները։ Այս օրերին 29 հիվանդ է Երևան տեղափոխվել։ Հեմոդիալիզ ստացող քաղաքացիների մի մասն էլ՝ 12-ը հրաժարվել է տեղափոխությունից։

«Հիվանդներից մեկն անչափահաս երեխաներ ունի, ինչ-որ մեկը սայլակով է՝ հաշմանդամություն ունի, տեղափոխման բարդություններ կան։ Այսինքն՝ ամեն մեկն ընտանեկան, անձնական խնդիրներ ունի, որ նման որոշում է ընդունել՝ իմանալով, թե դա ինչի կհանգեցնի», - նշեց Ավագիմյանը։

Արցախ արդեն մեկ ամսից ավելի է դեղորայք ու բժշկական պարագաներ չեն մատակարարվում։ Ադրբեջանը թույլատրում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Ստեփանակերտից հիվանդներ տեղափոխել Երևան։

Արցախից ահազանգում են, որ հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց անհրաժեշտ բուժօգնության: Դեղորայքի սղության կամ բացակայության պատճառով ավելացել են մի շարք հիվանդություններից մահացությունների դեպքերը, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG