Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ մասնակցելո՞ւ է Երևանի ընտրություններին


Երևանի քաղաքապետարանի շենքը երեկոյան, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը երեկոյան, արխիվ

Երևանի ավագանու ընտրություններին շուրջ երկու ամիս է մնացել, բայց խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ կմասնակցեն, թե՝ ոչ։

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականից Հայկ Մամիջանյանն ասաց՝ կուսակցության գերագույն մարմնում քաղաքապետի թեկնածուի հարցը չի քննարկվել:

«Այս պահին երկու հայկական պետությունների առջև ծառացած խնդիրների, ընդ որում՝ դրանք օրհասական են և գոյաբանական, դրանցից կախված է առհասարակ ապագայի գոյություն ունենալ կամ չունենալը, այս համատեքստում Երևանի ավագանու ընտրությունների հարցը, մեղմ ասած, հետին պլան է մղվում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մամիջանյանը:

Իշխանության թեկնածուն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս մասին դեռ անցած տարի էր հայտարարել։ Վերջերս էլ հստակեցրել՝ ընտրությունների են գնալու միայնակ՝ առանց դաշինքի։ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Մանե Թանդիլյանն է՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը։ Երևանի ավագանու իշխող խմբակցության կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի անդրադարձել լուրերին, թե ինքն էլ է որպես թեկնածու առաջադրվելու, «Ազատությանը» չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։

Քննարկվե՞լ է արդյոք Երևանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին առաջադրելու հարցը. Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկանը նշեց՝ ինքը միայն Դաշնակցության դիրքորոշումը կասի՝ Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում չունեն. - «Շատ ավելի օրախնդիր հարցեր կան մեր ժողովրդի առաջ ծառացած: Մի քաղաք, որտեղ քաղաքապետ չկա արդեն ամիսներ շարունակ, որտեղ քաղաքապետի պաշտոնակատար կա, բայց քաղաքի կառավարումը իրականացնում է դրանից հանգամանքով ավելի ցածր պաշտոնյա, Հայաստանում կորոնավիրուսի ամբողջ այդ ճգնաժամի պատասխանատուներից մեկը, ուղղակի անիմաստ է խոսել այդ մասին»:

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն էլ է հայտարարել, որ կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ նույնպես։ Գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն էլ է թեկնածուների շարքում, «Լուսավոր Հայաստանի»-ից էլ Դավիթ Խաժակյանը կլինի։ Ցանկն այսքանով չի ավարտվում։

Թեկնածուներն կարող են փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել օգոստոսի 23-ից մեկնարկող քարոզարշավից 20 օր առաջ, այսինքն՝ օգոստոսի 3-13-ը։ 14-րդ քաղաքապետին երևանցիները կընտրեն սեպտեմբերի 17-ին։

XS
SM
MD
LG