Պետք է բոլոր ուղղություններով շատ հստակ աշխատանք կատարվի, այդ թվում՝ բանակցային տարբեր ձևաչափերում, միջազգային ճնշումը Բաքվի նկատմամբ բարձրացնելու ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ շեշտելով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում օրհասական է, խոսքն արդեն գնում է հումանիտար աղետի մասին։
Վկայակոչելով շաբաթ օրը Բաքվի կողմոց առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքը՝ Գրիգորյանն ընդգծում է՝ Ադրբեջանն ամեն անգամ նորանոր կարմիր գծեր է հատում, սեղմում է օղակը։
«Այս փուլում պետք է բոլոր ուղղություններով շատ հստակ աշխատանք կատարվի՝ թե՛ բանակցային տարբեր ձևաչափերում, թե՛ միջազգային ճնշումը բարձրացնելու ուղղությամբ, և թե՛ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տանելու ուղղությամբ», - ասաց քաղաքագետը՝ կարևորելով նաև հումանիտար բեռների ուղարկումը Լաչինի միջանցք։
«Որովհետև այնուամենայնիվ այս իրավիճակում նստել և սպասել, որ ինչ-որ լուծումներ կլինեն առանց պրոակտիվ քաղաքականության, դժվար է։ Այդ քաղաքականության արդյունքում կարծում եմ, որոշակի դիվանագիտական ակտիվություն տեսնում ենք։ Դրանից հետո հրապարակվեց Ժոզեպ Բորելի հայտարարությունը, Բորելից հետո Եվրամիության տարբեր անդամ երկրներ սկսեցին այս հարցով կրկին տեսակետ հայտնել և, կարծում եմ, որ այս փուլում պետք է աշխատել հատկապես ամերիկյան կողմի հետ՝ արդեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թեմայի վերաբերյալ։ Այս փուլում, կարծում եմ, որ այս հարցը հասունանում է, և նաև Վաշինգտոնում սկսում են խոսել ու մտածել այդ ուղղությամբ», - եզրափակեց Գրիգորյանը։
Քաղաքագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․