Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հեռավար խորհրդակցությանը Ուկրաինայի հակահարձակումը ձախողված է համարել, իսկ արևմտյան երկրների զինապահեստները՝ դատարկված։
Ուկրաինայի իշխանությունների և Արևմուտքի հասցեին նրա ավանդական սուր քննադատություններին այսօր մի նոր դետալ է ավելացել։ Պուտինի կարծիքով՝ Լեհաստանը կարող է ուղղակիորեն միջամտել հակամարտությանը՝ արևմտյան Ուկրաինայի տարածքները վերադարձնելու նպատակով, որը լեհերը համարում են իրենց պատմական հողերը։ Նրա խոսքով՝ Լեհաստանը հավակնում է նաև Բելառուսի տարածքի մի մասին, և ՌԴ ղեկավարը Լեհաստանին զգուշացրել է, որ Բելառուսի դեմ ագրեսիա սանձազերծելու պարագայում Ռուսաստանը կպատասխանի «բոլոր առկա միջոցներով»։
Այսօր Կրեմլը հաղորդեց, որ հուլիսի 23-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հերթական անգամ այցելելու է Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու և միութենական պետությունում ինտեգրվելու հարցերը։
Լրատվամիջոցները, ի դեպ, հաղորդում են, որ Բելառուս տեղափոխված «Վագների» վարձկանների մի մասը տեղակայվել է Լեհաստանի սահմանի մոտ, և այնտեղ նրանք Բելառուսի զինծառայողներին մարտական պատրաստվածության դասեր են տալիս։ Վարշավային սա անհանգստացում է, նա լրացուցիչ ուժեր է մոտեցնում սահմանին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձրագույն հրամանատարական կազմի հետ Կիևում ունեցած հանդիպմանը հանձնարարել է համալիր գործողություններ նախապատրաստել Սև ծովով հացահատիկի արտահանումը շարունակելու համար։ Հանդիպումից հետո այս մասին Զելենսկին գրել է Տելեգրամի իր ալիքում, նշելով, որ քննարկվել են նաև ուկրաինական նավահանգիստները, եթակառուցվածքները պաշտպանելու հարցերը։
Հացահատիկի գործարքի վերականգնման անհրաժեշտության մասին կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը դադարեցնելու գործողությունը կհանգեցնի ոչ միայն պարենի միջազգային գների բարձրացմանը, այլև մի շարք հետևանքների՝ սովից սկսած մինչև միգրանտների նոր ալիքի։ Դա կանխելու համար մեր նախաձեռնությունները չեն հապաղի։ Կարծում եմ՝ այդ հարցը մենք հանգամանալից կքննարկենք պարոն Պուտինի հետ և կապահովենք այդ հումանիտար շարժման շարունակությունը։ Գիտենք, որ նա որոշակի սպասելիքներ ունի արևմտյան երկրներից։ Արևմտյան պետությունները նույնպես պետք է այդ հարցով միջոցներ ձեռնարկեն»,- ասել է Էրդողանը՝ օդանավում հարցազրույց տալով իրեն ուղեկցող լրագրողներին։
Ավելի վաղ նա նշել էր, թե սպասում է, որ Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա: Կրեմլի խոսնակն այսօր կրկին ասել է, որ Պուտինի օրակարգում Էրդողանի հետ շփումների պլաններ դեռ չկան։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը այսօր ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանը հնարավոր է համարում պարենային համաձայնագրի ցանկացած տարբերակ, երբ կատարվեն Մոսկվայի պահանջները։ Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ շփումներ կան, տեսնելու, թե ինչ կարելի է անել ներկայիս իրավիճակում։