Մատչելիության հղումներ

Ռուս զբոսաշրջիկներով կրուիզ նավը խարիսխ է ձգել Բաթումիի նավահանգստում


Սոչիից դուրս եկած զբոսանավը թուրքական ծովափնյա քաղաքներից հետո այսօր խարիսխ է ձգել Բաթումիի նավահանգստում։ Նավում ավելի քան 800 ռուս զբոսաշրջիկ կա։ «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» և «Լելո» կուսակցությունների ներկայացուցիչները բողոքի ակցիայով են դիմավորել զբոսանավին։

Ռուսական առաջին ալիքը հաղորդում է պատրաստել Astoria Grande զբոսանավի երթուղու մասին, հայտնելով, որ մեկ օրով այն մտնելու է նաև Բաթումի։ Լրացուցիչ կանգառը որոշվել է կատարել զբոսաշրջիկների ցանկությամբ։ Կազմակերպիչները գտնում են, որ վրացական հանգստավայրը ավելի հետաքրքիր կդարձնի կրուիզը, մանավանդ ուղևորները լրացուցիչ փաստաթղթային ձևակերպելու կարիք չունեն, հաղորդել է ռուսական հեռուստաալիքը։

Ռուսաստանի տարբեր քաղաքներից զբոսաշրջիկները ուրախ են, որ Թուրքիայի քաղաքներից հետո հաջողվել է նաև Բաթումի այցելել։ Զբոսաշրջիկներից մեկի ասելով՝ իրենց հայտնել են, որ վերջին 7 տարվա մեջ առաջին ռուսական նավն է խարիսխ ձգում այստեղ։

«Ցանկանում ենք բոլոր տեսարժան վայրերը տեսնել, գոնե փոքր-ինչ հպվել մեր սիրելի Վրաստանին։ Ճանապարհը բացվեց, փառք Աստծո, ամեն ինչ լավ է, կարծում եմ նոր ուղիներ կբացվեն, նոր շոգենավեր այստեղ կմտնեն», - ասել է նա։

«Մենք մի ամբողջ օր ունենք, կզբոսնենք, կզմայլվենք քաղաքի գեղեցկությամբ, ծովում կլողանանք, գինի կխմենք, խինկալի, խաչապուրի կուտենք»,- ասել է մոսկվացի մեկ ուրիշ կին։

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը պարզաբանել է, որ զբոսանավի մուտքը Բաթումի կոմերցիոն բնույթ ունի։ Նավը, նավի գրանցման ընկերությունը միջազգային պատժամիջոցների տակ չեն։ Այն նավարկում է Խաղաղ օվկիանոսի արևմուտքում հարյուրավոր ժայռոտ կղզիների արշիպելագի վրա ընկած Պալաու փոքր երկրի դրոշի ներքո, սպասարկվում է թուրքական զբոսաշրջային ընկերության կողմից, գրանցված է Հնդկական օվկիանոսի Սեյշելյան կղզիներում՝ Goodwin Shipping Limited ընկերության անունով։

Այս տարվա սկզբին, հունվար ամսին, Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հերքել էր Սոչիի և Բաթումիի միջև ուղևորափոխադրումներ սկսելու մասին լուրերը։ Ապրիլին հերքել էր ռուսական մեկ ուրիշ կրուիզ նավի հնարավոր այցը վրացական նավահանգիստ։ Բայց վերջին ամիսների ընթացքում իրավիճակը արագորեն փոխվում է։ Մայիսին Ռուսաստանի նախագահը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկեց վիզային ռեժիմը, երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը վերականգնվեց։ Հիմա արդեն զբոսանավն է մտնում Բաթումիի նավահանգիստ։

Նախօրեին հայտնի դարձավ ռուս-վրացական համագործակցության ևս մեկ օղակի վերականգման մասին։ Ռուսական «Դալէներգոմաշ» մեքենաշինական ընկերությունը հայտնեց, որ 30 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է սարքավորումների արտահանումը Վրաստան։

«Ազոտային գազերի կոմպրեսորներ կուղարկվեն պարարտանյութեր արտադրող քիմիական գործարան»,- հայտնել է ռուսական ընկերությունը։ Առաքումը նախատեսված է Ռուսթավիի «Ազոտ» գործարանի համար։

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Արևմուտքի ճնշումները «Դալէներգոմաշ»-ին ստիպել է նոր շուկաներ փնտրել։ Պատժամիջոցների հետևանքով Խաբարովսկի գործարանը խնդիրներ ունի նաև բանկային փոխանցումների հետ կապված, բայց հիմա բոլոր պայմանագրերը վերաձևակերպվել են, որպեսզի վճարումները ռուբլիով կատարվեն։

«Չնայած պատժամիջոցներին գերմղիչների և տուրբիների առաքումը բարեկամ երկրներ կրկնապատկվել է։ 30 տարվա մեջ առաջին անգամ պայմանագիր է կնքվել Վրաստանի հետ»,- հաղորդում է "Вести.Хабаровск"-ը։

Վրաստանի ընդդիմությունը, Արևմուտքը քննադատում են Ռուսաստանի հետ կապերը, համագործակցությունը վերականգնելու և զարգացնելու Վրաստանի կառավարության քայլերը, պնդելով, որ իշխանությունները շեղվում են Եվրոպային ինտեգրելու ուղուց։ Վրաստանի իշխանությունները, հակադարձելով քննադատություններին, հայտարարում են, թե Վրաստանը չի ներքաշվի ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG