Վրաստանն առաջին տեղն է դուրս եկել Ռուսաստան գինի արտահանելու գործում՝ առաջ անցնելով Իտալիայից։ Այս տարվա առաջին հինգ ամիսների վիճակագրական տվյալների համաձայն՝ վրացական գինիների արտահանումը Ռուսաստան աճել է 63 տոկոսով, թվերով՝ 24 միլիոն 150 հազար լիտր գինի։ Իտալական գինին 23 միլիոն 400 հազար լիտր է ներմուծվել, աճը կազմել է 31 տոկոս, գինեգործական մյուս երկրներից՝ Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից ևս գինու ներմուծումները Ռուսաստան ավելացել են, բայց առաջին տեղում Վրաստանն է։
Մասնագետները դա պայմանավորում են մի քանի գործոններով։
Գինու առևտրով զբաղվող Fort ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Լիպիլինը «Կոմերսանտ»-ին ասել է, որ Վրաստանից գինու ներմուծումը Ռուսաստան սկսել է աճել 2022 թվականի վերջից, քանի որ վճարումների ու տեղափոխման խնդիրներ չկան։ Գնի հարցում ևս առավելություններ կան՝ եվրոպական գինիների համեմատ վրացական գինին կարողանում են ձեռք բերել միջինից ցածր գնով, առևտրային ցանցը ուղիղ պայմանագրեր է կնքում անմիջապես վրացական արտադրողների հետ՝ առաջարկելով նվազագույն գին։
Luding Group ընկերության գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը նշել է, որ հայկական և վրացական գինիների ներմուծման դեպքում ցածր է արժեքի անկայունությունը։
Խոսքն ակտիվների կայունության մասին է։ Սովորաբար գնի 10 տոկոսի և ավելի բարձր տատանումները բարձր անկայունության է համարվում, իսկ մի քանի տոկոսի տատանումները՝ ցածր։ WineRetail տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ստավցևն ևս մեկ հանգամանք է նշել՝ վրացական գինիների ներմուծման մաքսատուրքը զրոյական է։
Սակայն «Կոմերսանտ»-ի անանուն զրուցակիցը կասկածի տակ է առել անհերքելի թվացող հիմնավորումները, չբացառելով, որ Վրաստանից ներմուծվող տարաներում ու շշերում հնարավոր է ուրիշ գինի է լցվում։
Նա նշել է, որ արտահանումը այդչափ մեծացնելու համար Վրաստանում գինու հումքի ծավալների հետ կապված հարցեր կան կամ էլ դա եվրոպական գինու տրանզիտ է վրացական շշերով։
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV) Վրաստանում գինու արտադրությունը 2022 թվականին գնահատել է 210 միլիոն լիտր, 2 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ։ Սակայն «Ռոսկաչեստվո» գործակալությունում նշել են, որ կարմիր գինու համար Վրաստանին հնարավոր է հումքը չբավականացնի և հավանաբար դրա հետ է կապված Մոլդովայից գինու հումքի առաքումը Վրաստան։
Վրաստանի գինու Ազգային կենտրոնից «Կոմերսանտ»-ին չեն պատասխանել։
Վերջին տասնամյակում Վրաստանը անցած տարի գրանցել է տնտեսական ամենաբարձր աճը, որտեղ առանցքային է համարվում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի կտրուկ աճը, չնայած երկու երկրների միջև 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։
Թբիլիսին Եվրամիությանը անդամակցելու կուրս է որդեգրել, եվրոպական ձգտումներ ունի, սակայն թե՛ երկրի ներսում, թե՛ Արևմուտքում Վրաստանի ներկայիս կառավարությունը քննադատվում է եվրոպական ուղուց շեղվելու և Ռուսաստանին մերձանալու քայլերի համար։