Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքը» արտատարածքայնության հետ կապ չունի. Մուստաֆաև


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իլհամ Ալիևը, արխիվ
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանի փոխվարչապետն այսօր պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Բաքուն, արտատարածքայնության հետ կապ չունի:

«Տևական ժամանակ և այժմ էլ շահարկումներ կան տրանսպորտային միջանցք և արտատարածքայնություն եզրույթների շուրջ, չնայած դրանք փոխկապակցված չեն և անգամ հոմանիշներ չեն», - այսօր ասել է Շահին Մուստաֆաևը:

Մինչ այդ` անցած ամիս, Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, թե Բաքուն նման նկրտումներ ունի. «Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին»։

Մուստաֆաևը, որը Ադրբեջանի բանագնացն է տարածաշրջանի ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովում, պնդել է, թե տրանսպորտային միջանցքը բոլորովին այլ բան է ենթադրում, և որ այդ մասին շատ լավ գիտեն նաև Հայաստանում:

«Տրանսպորտային միջանցքը երթուղի է, որը անցնում է երկրների տարածքով, որոնք համաձայնեցված տրանսպորտային, մաքսային և այլ քաղաքականություն են վարում, որպեսզի կրճատեն բեռնափոխադրումների ծախսն ու ժամանակը», - ասել է Ադրբեջանի փոխվարչապետը, հավելելով, - «ինչ վերաբերում է ինքնիշխանության ոտնահարման հարցին` հիշեցեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության կողմից: Թե որքանով է այդ փաստը ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը` պետք է Հայաստանի կառավարությունից հարցնել»:

Նա նաև հիշեցրել է, որ փաստաթղթի տակ նաև վարչապետ Փաշինյանն է ստորագրել:

Ինքը` Փաշինյանը, երկու ամիս առաջ` կառավարության նիստում հայտարարեց, թե Երևանը պատրաստ է երեք անցակետ բացել Ադրբեջանի համար` դեպի Նախիջևան, ընդգծելով, որ դրանք պետք է գործեն Հայաստանի օրենսդրությամբ: Կառավարությունը նշել էր, որ երեքն էլ պետք է լինեն ավտոմոբիլային անցման համար, և մայրուղիների հստակ կոորդինատներ նշել` Սոթք, Երասխ, Քարահունջ:

«Մենք այսօր էլ ասում ենք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան, հենց այսօր», - ասել էր վարչապետ Փաշինյանը:

Չնայած Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել էր, թե առաջարկն անիրատեսական են համարում, Փաշինյանը տանս օր առաջ կրկին հիշեցրել էր այս մասին` թվիթերում գրելով` «Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։

Մուտաֆաևն այսօր առաջին անգամ պարզաբանել է` ինչու է Բաքուն մերժում այդ առաջարկը:

«Մոնիտորինգը ցույց է տվել, որ այդ կետերից սկսվող ճանապարհները ռելիեֆային և բնակլիմայական պայմանների առումով տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար: Հայաստանը չի ուզում ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ճանապարհ տալ, որը խորհուրդ է տրվել նույն մոնիտորինգի արդյունքում», - ասել է Մուստաֆաևը` չմանրամասնելով` կոնկրետ ո՞վ, ե՞րբ է իրականացրել այդ մոնիտորինգը, և որո՞նք են ըստ այդմ օպտիմալ երթուղիները:

Միաժամանակ, Ադրբեջանի փոխվարչապետն ընդգծել է, որ ռելիեֆից ու բնակլիմայական պայմաններից բացի շատ կարևոր է նաև համաձայնեցնել` ինչ ռեժիմներով են իրականացվելու միջազգային տարանցիկ բեռնափոխադրումները, ինչպես նաև պայմանավորվել ներքին փոխադրումների համար պարզեցված ռեժիմներ սահմանելու շուրջ` պարիտետային սկզբունքով:

Ավելի վաղ` այս տարվա հունիսին, Ռուսաստանի արտգործնախարարն էր Երևանում հայտարարել, թե Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհը հիմնվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա: Լավրովը միաժամանակ ասել էր, թե այն գործելու է պարզեցված ռեժիմով` չմանրամասնելով, թե դա ինչ է ենթադրում:

Հայաստանի արտգործնախարարը ևս այդ օրը մանրամասներ չէր հայտնել: Առայժմ այս մասին հրապարակավ միայն Ադրբեջանի նախագահն է խոսել, պնդելով, թե Բաքուն ուզում է անխոչընդոտ, առանց մաքսակետերի անցում` Լաչինի միջանցքի նման:

«Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները», - ասել էր Ալիևը անցած դեկտեմբերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG