Բաքվի հետ բանակցություններում Երևանի համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը, France-Presse գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հպանցիկ նկարագրել է, թե ինչ է պատկերացնում Երևանն արցախահայության իրավունքներ ու անվտանգություն ասելով։
«Շատ կարևոր է, որ էդ տերմինները արտահայտվեն էնպես, որ մարդը կարողանա կիրառել, օգտագործել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենա, որը իրեն, իր միջավայրին, իր ընտանիքին, իր երեխաներին հնարավորություն կտան ապրել, ինքնաարտահայտվել, զարգանալ էդ միջավայրում», - նշել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանը վերստին շեշտել է այդ նպատակով Ստեփանակերտ - Բաքու երկխոսության անհրաժեշտությունը՝ միջազգային մեխանիզմների շրջանակում։ Գործադիրի ղեկավարը բացատրել է, թե ինչու է Երևանն այդ ձևաչափը պնդում։ Ըստ Փաշինյանի՝ Բաքվի ու Ստեփանակերտի ուժերի անհամաչափությունն է պատճառներից մեկը։ Առանց միջազգային մեխանիզմների Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում, ասել է նա։
«Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ՝ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկան, ներկան կլինի միջազգային հանրությունը», - ընդգծել է Փաշինյանը:
Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները բացառապես Ադրբեջանի գործը համարող Բաքուն քանիցս հայտարարել է՝ չի պատրաստվում այդ հարցը քննարկել որևէ կողմի հետ։
Փաշինյանը նաև պարզաբանել է, թե ինչու Երևանը չի պնդում իր ներգրավվածությունը Ստեփանակերտ - Բաքու երկխոսությանը. - «Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը այդ գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը»:
Մինչ Բաքուն Երևանին է մեղադրում «խաղաղության գործընթացը խոչընդոտելու» համար, Հայաստանի վարչապետն, իր հերթին, հայտարարում է, որ բանակցությունների առաջընթացին խանգարում են Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը հայերի և ամեն հայկականի նկատմամբ, ատելության գործողությունները և վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության ու ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականությունը։
Փաշինյանը միևնույն ժամանակ շեշտել է, որ բանակցություններին այլընտրանք չկա. - «Մենք համոզված ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է, բայց մյուս կողմից՝ եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, էդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն»։
Ադրբեջանի նախագահն էլ երեկ հայտարարել է, թե բանակցային փուլում հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր ասել է: Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանը դա ընդունի և ամբողջությամբ հրաժարվի, Ադրբեջանի նախագահի ձևակերպումն է՝ «Ադրբեջանի տարածքի հանդեպ որևէ տեսակի ոտնձգությունից», ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի մինչև այս տարեվերջ։
Իսկ իրատեսակա՞ն է արդյոք մինչ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը, երբ, մի կողմից, Արցախը շարունակում է շուրջ 7 ամիս շրջափակման, մեկ ամսից ավելի էլ՝ լիակատար պաշարման մեջ մնալ, մյուս կողմից՝ Բաքուն Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է համարում ու հայտարարում, թե այդ հարցը չի պատրաստվում քննարկել երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Երևանն էլ՝ պնդում, որ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցը հայկական կողմի համար կարմիր գիծ է։
«Պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ հավանական է, եթե Երևանն ընդունի Բաքվի բոլոր պահանջները»
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը մինչ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը հավանական է համարում այն դեպքում, երբ Երևանն ընդունի Բաքվի բոլոր պահանջները, այդ թվում՝ հրաժարվելով Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևաչափից։
«Այլ տարբերակ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ես պարզապես չեմ տեսնում: Ադրբեջանը, տեսնում ենք, որ բավականին ագրեսիվ ու հետևողական քաղաքականություն է վարում, չի պատրաստվում որևէ հարցում թեկուզ մինիմալ զիջումների գնալ, փորձելու է, իհարկե, Հայաստանի վրա այդ թվում նաև ռազմական ճնշում գործադրելով հասնել այդ զիջումներին: Սակայն եթե Հայաստանի իշխանությունները ևս մեկ անգամ հետ չկանգնեն արդեն իսկ անոնսավորված, հայտարարված կարմիր գծերից, դժվար թե հնարավոր լինի այդ փաստաթուղթը ստորագրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Գրիգորյանն ասում է՝ պետք չէ բացառել նաև այդ տարբերակը՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության վերջին երկու տարիների քաղաքականությունը։
«Երկու տարվա միտումը այն է, որ հայկական կողմը անընդհատ հայտարարում է ինչ-որ դիրքորոշումներ և հետագայում հրաժարվում է այդ դիրքորոշումներից։ Այդ առումով, պետք չէ բացառել իրադարձությունների զարգացման այդ սցենարը», - նշեց Տիգրան Գրիգորյանը:
Ըստ քաղաքագետի՝ այս հարցում ևս չկա որևէ երաշխիք, որ Երևանը մինչև վերջ պատրաստ է լինելու պահպանել իր իսկ հայտարարած կարմիր գծերը։