Մատչելիության հղումներ

«Հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր է ասել». Ալիև


Շուշիում այսօր գումարվել է «Նոր մեդիան արդյունաբերական չորրորդ հեղափոխության դարաշրջանում» նշանաբանով միջազգային ֆորումը, որին մասնակցում են 49 երկրներից ժամանած 150 ներկայացուցիչներ։ Նրանց թվում են 34 երկրների պետական լրատվական գործակալությունների, 12 միջազգային կազմակերպությունների և մեդիաընկերությունների պատվիրակներ:

Օրվա հիմնական բանախոսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր, ով ժողովից առաջ ծանոթացել է Շուշիում դպրոցի և հիվանդանոցի կառուցման աշխատանքներին և սոցիալական նշանակության օբյեկտների հիմնարկեքին:

Իր խոսքում Ալիևն ասել է, թե այսօր առաջնայինը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է: Նա այդ գործում մեծ դեր է հատկացրել Թուրքիային, ապա խոսել է 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան զարգացումների մասին: Նրա խոսքով, համաժողովը Շուշիում է գումարվում այն պատճառխով, որ «քաղաքը ոչ միայն Ադրբեջանի մեծ հաղթանակի, այլև վերականգնման և զարգացման խորհրդանիշ է»:

Ալիևի փոխանցմամբ, «հաղթանակից հետո Ադրբեջանը գիտակցել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և արմատական բարեփոխումներ է կատարել բանակում, քանի որ այսօր ուժն է որոշում ամեն ինչ»:

«Այսօր մեր բանակն ավելի հզոր է, քան 3 տարի առաջ»,- հավաստիացրել է նա՝ հավելելով, թե «այսօր էլ Հայաստանի հասարակության և իշխանության շրջանում կան ռևանշիստական երազանքներով ապրող մարդիկ»:

Բայց, ըստ Ադրբեջանի ղեկավարի, աստիճանաբար խոսույթը փոխվում է: Միջազգային կառույցները, բանակցային գործընթացում ընդգրկված կողմերն, ինչպես նաև հենց Հայաստանն առերեսվում են իրականության հետ, ասել է նա. - «Հետզհետե ավելի հստակ է ասվում, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Եթե դա արվեր օկուպացիայի տարիներին, գուցեև երկրորդ ղարաբաղյան պատերազմը չլիներ»:

Նա վերստին քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, նշելով, որ 29 տարվա ընթացքում միջնորդները ոչ մի արդյունք չեն գրանցել:

Ալիև խոսքով, Ադրբեջանին հորդորում էին մերվել, սկսել Հայաստանի հետ համագործակցությունը և լուծումը թողնել ապագա սերունդներին: Դա, ինչպես նա ասել է, «ըմբռնել են Բաքվում և մերժել»:

«Մենք հասկացանք, որ նրանց նպատակն է սառեցնել կոնֆլիկտը և գրավումը դարձնել անվերջ», - ասել է Ալիևը:

Նրա փոխանցմամբ, այս պահին բանակցային գործընթացը շարունակվում է երեք ուղղություններով՝ Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդությամբ:

«Հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր է ասել: Եթե Հայաստանը դա ընդունի և ամբողջությամբ հրաժարվի Ադրբեջանի տարածքի հանդեպ որևէ տեսակի ոտնձգությունից, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի մինչև այս տարեվերջ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ստորագրումը ձախողվի: Ըստ Ալիևի, այդ դեպքում խաղաղություն չի լինի:

«Դա տարածարջանի համար լավագույն սցենարը չէ, կայունություն և անվտանգություն չի տա և բարդություներ կառաջացնի ապագայում»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG