Մատչելիության հղումներ

Իգոր Խովաևը և հայաստանցի պաշտոնյաները քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը


Հայաստանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան ընդունելով, նշել է, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում և կարևորել ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ խորհրդակցությունները:

Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, հայտնում են կառավարությունից։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՌԴ ԱԳ նախարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԱԽ գրասենյակից փոխանցում են, որ Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը, նշված է հաղորդագրության մեջ։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հանդիպում ունեցել ռուսաստանցի պաշտոնյայի հետ, որի ընթացքում վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Հունիսի 15-ին Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը՝ արգելելով ցանկացած տեսակի հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար:

Այս ամենն Արցախում հանգեցրել է սննդամթերքի պակասին և խանութների փակմանը: Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Ամեն օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք:

XS
SM
MD
LG