«Փարիզը ուզում է մտնել Հարավային Կովկաս», «Ֆրանսիան չի հասկանում, որ քաջալերում է Երևանի սադրանքներին, որոնց արդյունքում առաջին հերթին հենց Հայաստանն է տուժելու», - այս օրերին գրում են ադրբեջանական թերթերը՝ արձագանքելով Ֆրանսիայի սենատի նախագահի վերջին հայտարարությանը։
Ժերար Լարշեն հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թվիթերում գրել էր, թե «պետք է արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝ ապահովելու նրա անվտանգությունը»։
«Այսօր Մակրոնը Եվրոպայի քաղաքական դաշտի ամենակոռումպացված գործիչն է, և Ֆրանսիայում տարածվող անկարգություններն ու բողոքի ցույցերը դրա մասին են վկայում», - գրել է Ադրբեջանի պետական Հանրապետություն թերթը, շրջանցելով փաստը՝ ինչ ճակատագրի են արժանանում ցուցարարները սեփական երկրում։
Հակաֆրանսիական այս արշավը, սակայն, նոր չէ, Բաքվից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ջոշուա Կուչերան։ Մոտ տասն օր առաջ, օրինակ, Ադրբեջանը պետական մակարդակով հատուկ համաժողով էր կազմակերպել՝ քննարկելու Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը։ Բաքու էին հրավիրվել ներկայացուցիչներ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, ակտիվիստներ Կարիբյան ծովում գտնվող Մարտինիկայից ու ֆրանսիական Գվիանայից։ Ակնհայտորեն, մեկ նպատակով՝ Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունը քննադատելու։
«Ֆրանսիան բռնապետական երկիր է, և օգտագործում է մեր ժողովրդի հարստությունն ու բնական ռեսուրսները՝ հանուն սեփական շահի», - հայտարարում էր Նոր կալեդոնիայի խորհրդարանի խոսնակը։
Մակրոնի քաղաքականությունը ընդունելի չէ անգամ Ֆրանսիայի քաղաքացիների համար, պնդում էր Ֆրանսիական Գվիանայի ներկայացուցիչ Ժան Վիկտոր Կաստորը, հավելելով՝ «Գաղութատիրության առաջին օրից Ֆրանսիան ճնշում է մեզ, ճզմում մեր գոյությունը։ Խորհրդարանի 98 տոկոսը սպիտակ, օսլայած վերնաշապիկներով մարդիկ են, որոնք մեր փոխարեն որոշումներ են կայացնում մեր առողջապահության, կրթության ու շրջակա միջավայրի վերաբերյալ»։
Համաժողովն անցնում էր «Վերջ գաղութատիրությանը» կարգախոսի ներքո, միայն թե մասնակիցները հրավիրվել էին միայն մեկ երկրի պատկանող տարածքներից՝ Ֆրանսիայից։ Դրանից մեկ օր առաջ էլ հրապարակվել էր նախագահ Ալիևի ելույթը, որտեղ վերջինս մանրամասն ու ծավալուն դատապարտել էր Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց հերթին, առիթը բաց չեն թողնում և ամենայն մանրամասնությամբ լուսաբանում են յուրաքանչյուր վատ բան, որ կատարվում է Ֆրանսիայում, կամ՝ կապ ունի այդ երկրի հետ, հաղորդում է «Ազատության» թղթակիցը։ Ընդ որում, հրահանգները գալիս են ամենավերևից։
«Ազատության» տրամադրության տակ են հայտնվել, մասնավորապես, այն հանձնարարականները, որոնք ուղարկվում են ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցների խմբագիրներին, ենթադրաբար, նախագահական նստավայրից։ Դրանցից մեկն, օրինակ, անցած մայիսին հրահանգում էր լուսաբանել՝ «ինչպես է գաղութատիրական Ֆրանսիան խաչակրաց արշավանք իրականացնում Ադրբեջանի դեմ Հարավային Կովկասում», նույն աղբյուրը պահանջում էր նաև «արշավ սկսել Ֆրանսիայի խաղաղասիրական ջանքերի դեմ, խստորեն դատապարտել նախագահ Մակրոնին՝ հարցազրույցներ անցկացնելով տեղի ու օտարերկրյա փորձագետների հետ»։
Այդ օրերին էր, որ Ադրբեջանի պետական բյուջեից ֆինանսավորվող վերլուծական կենտրոններից մեկի ղեկավար Ֆարհադ Մամադովը հայտարարեց՝ Ֆրանսիան իսկական չարիք է Ադրբեջանի համար։ Մյուսն էլ ուղիղ եթերում հորդորեց Մակրոնին սեփական խնդիրներով զբաղվել։
«Չեմ թաքցնում՝ սա մեր պատասխանն է Ֆրանսիային․ եթե Փարիզն ուզում է միջամտել մեր ներքին գործերին, եթե ուզում է մեզ սովորեցնել՝ ինչպես մեր հարաբերությունները կառուցենք մեր փոքրամասնությունների հետ, մենք էլ նույն հարցերը կարող ենք բարձրացնել», - ասել էր Միջազգային հարաբերությունների վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը
Ամիսներ առաջ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությամբ անգամ երեխաներին պատվիրվել էր երգ կատարել, որը բացահայտ վիրավորում ու ծաղրում էր Ֆրանսիայի նախագահին:
«Այն ով է, ով է՝, հայամետ է, տալիս է սուտ խոստումներ», - հարցնում էր հանդիսավարը, ինչին ի պատասխան երեխաները միահամուռ Մակրոնի անունն էին վանկարկում։
Ընդ որում, Փարիզի դեմ հարձակումները չեն դադարում անգամ այն ժամանակ, երբ երկու երկրները փաստաթղթեր են ստորագրում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։ Օրեր առաջ, օրինակ, ֆրանսիական խոշոր ընկերություններից մեկը՝ TotalEnergies-ը հայտարարեց, թե Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ գազի արդյունահանում է սկսում «Աբշերոնի» հանքավայրում։ Երկու երկրները նաև շարունակում են ակտիվ տնտեսական համագործակցությունը, Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ Ֆրանսիան այդ երկրի առաջատար առևտրային գործընկերներից է։
«Սա շատ լավ մշակված ու արդյունավետ խաղ է»,- «Ազատությանն» ասել է Ադրբեջանի անկախ վերլուծական կենտրոններից մեկի ղեկավար Ալթայ Գոյուշովը, մանրամասնելով, - «Ալիևը հակաֆրանսիական հռետորաբանություն է զարգացնում սոցիալական ցանցերում ու աշխատում ներքին լսարանի վրա, միաժամանակ վստահ լինելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերություններում դա իրական խնդիրներ չի ստեղծելու»։
Ի դեպ, ֆրանսիական աղբյուրները փոխանցել են, որ Փարիզը նաև Ադրբեջանին է առաջարկել Բաքվի դեսպանատանը ռազմական կցորդ նշանակել, ինչպես որ վարվել էր Հայաստանի դեպքում։ «Ազատության» թղթակիցը այս հարցով դիմել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատուն, դիվանագիտական կառույցից, սակայն, հրաժարվել են այդ տեղեկությունը որևէ կերպ մեկնաբանել։