Պաշտպանության նախարարությունից առայժմ չեն մեկնաբանում Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշենի հայտարարությունը Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարման մասին։
Անցյալ շաբաթ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ընդունելուց հետ Լարշենը Թվիթերում գրել էր. - «Ես խնդրել եմ անհապաղ վերաբացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի մատակարարումը Հայաստանին՝ ապահովելու նրա անվտանգությունը»։
Ալեն Սիմոնյանի խոսնակը ևս չի մեկնաբանում ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությունը, մասնավորապես, արդյոք սա նշանակում է, որ կա գործընթաց Ֆրանսիայից զենք Հայաստանին հասցնելու համար։ Իշխող ուժի պատգամավոր, Պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասում է՝ զինատեսակներ ձեռք բերելու համար ակտիվ աշխատանք է տարվում։
«Աշխարհում բոլոր պետությունների հետ, որոնք հնարավորություն ունեն մեզ զենք տալ, որակյալ զենք տալ և մեր պահանջներին համապատասխան զենք տալ, մենք համագործակցելու ենք և փորձելու ենք մեր սպառազինությունները համալրել ամեն եղանակով: Էս կարամ ասեմ: Հիմա Ֆրանսիայի հետ ինչ փուլում է, ուր ենք հասել, ինչ ռազմատեխնիկական համագործակցություն և այլն կա, այնքանը, ինչքան որ հայտարարում են ֆրանսիացիները, կարծում եմ, բավարար է», - նշեց Խաչատրյանը:
Մյուս կողմից Խաչատրյանն ավելացնում է. որ Հայաստան զենքի մատակարարման գլխավոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը. - «Ռուսաստանի Դաշնությունն է եղել և այսօր էլ կա, բայց քանի որ Ռուսաստանի Դաշնությունը հասկանալի պատճառով երկարատև ժամանակ չի կարող ապահովել Հայաստանի Հանրապետության զենքի պահանջարկը, բնականաբար, մենք պարտադրված ենք ամբողջ աշխարհում գործընկերներ գտնել ու մեր բանակը սպառազինել»:
Մեկ ամիս առաջ Ֆրանսիայում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հրավերով։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ նա Փարիզում մասնակցել է ավիացիոն ցուցահանդեսի բացման, այցելել ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարներ և հանդիպումներ ունեցել ընկերությունների ղեկավարների հետ:
Այս ֆոնին Ադրբեջանում անցյալ շաբաթ բոյկոտել էին Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված այդ երկրի դեսպանատան կազմակերպած ընդունելությունը, կառավարության ներկայացուցիչները չէին գնացել, թեև նախկինում, ըստ լրատվամիջոցների, Բաստիլի օրը դեսպանին ելույթին սովորաբար հաջորդել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի շնորհավորական խոսք։
Ֆրանսիան այլևս չի ընկալվում որպես միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում. քաղաքական մեկնաբան
Ֆրանսիան այլևս չի ընկալվում որպես միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում, կարծում է քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը։
«Միանշանակորեն պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Ֆրանսիան իր այս միջնորդի դերից դուրս գա և վերաձևակերպվի որպես մեր դաշնակից, մեր կարողությունները, մեր դիմադրողականությունն ավելացնող պետություն, այնպիսի պետություն, ինչպիսին է, օրինակ, Պակիստանը կամ լավագույն դեպքում Թուրքիան Ադրբեջանի համար: Ֆրանսիան որպես միջնորդ առավելագույնն ինչ որ կարող էր անել մինչև այս պահը Հայաստանի համար, արել է, իսկ Հայաստանի շահերից այլևս չի ելնում տեսնել Ֆրանսիան որպես միջնորդ, այլ ելնում է տեսնել Ֆրանսիան որպես դաշնակից», - նշեց քաղաքական մեկնաբանը:
Հայաստանը պետք է ձգտի պաշտպանության ոլորտում ունենալ Ֆրանսիայի նման գործընկեր, վստահ է Քոչինյանը, սակայն ավելացնում է, որ Արևմուտքում խնդիր կա. այնտեղ միանշանակ դրական չեն արձագանքում Հայաստանի հետ ռազմաարդյուանբերական համագործակցության գաղափարին և դրա պատճառը միայն ՀԱՊԿ-ին անդամակցելը չէ։
«Հիմնական խնդիրը Հայաստանի կախվածության մակարդակն է Ռուսաստանից, հիմնական խնդիրը Հայաստանի կառավարման համակարգի և այդ համակարգի էությունը կազմող մարդկանց կապերն են Ռուսաստանի Դաշնության հետ: Այս երկուսը եթե չլիներ, Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը այնքան հիմնարար խնդիր չէր հանդիսանա, բայց այդ կախվածության մակարդակն էլ մի կողմից կախվածության մակարդակ է նաև նրանով, որ Հայաստանը չունի զինատեսակներ ներկրելու կամ մահաբեր միջոցներ ներկրելու այլ շուկաներ, այլ հնարավորություններ նման միջոցներ ներկրելու», - ընդգծեց նա:
Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի անդամ Ֆրանսիան ոչ պաշտպանական, ոչ էլ հարձակողական զինամթերք չի վաճառել հակամարտող կողմերից որևէ մեկին։ «Ազատությունը» գրավոր հարցմամբ դիմել է Պաշտպանության նախարարությանը՝ ճշտելու՝ արդյոք Ֆրանսիայի հետ կա՞ ռազմամթերքի գնման պայմանավորվածություն, պատասխան առայժմ չունենք։