Մատչելիության հղումներ

Ղրիմի կամուրջը վերստին ենթարկվել է գրոհի


17-ը հուլիսի, 2023թ․
17-ը հուլիսի, 2023թ․

Կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայրենակիցներին հեռուստատեսությամբ հավաստիացրել է, որ հակառակորդի՝ ասել է թե ուկրաինացիների բոլոր ռազմական գործողությունները ձախողվել են։

«Մեր պաշտպանական դիրքերը ճեղքելու հակառակորդի բոլոր փորձերը, այդ թվում՝ ռազմավարական ռեզերվների օգտագործմամբ, նրանց հարձակման ընթացքում ձախողվել են, հակառակորդը հաջողություն չունի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Եվ ահա, անցել է մի քանի ժամ, և ռուսների կողմից զավթված Ղրիմից հրատապ լուր է հաղորդվել՝ հերթական անգամ գրոհի է ենթարկվել թերակղզին Ռուսաստանի հետ կապող ռազմավարական նշանակության կամուրջը:

17-ը հուլիսի, 2023թ․
17-ը հուլիսի, 2023թ․

Պայթյունների հետևանքով զոհվել են ավտոմեքենայում գտնվող ամուսիններն ու վիրավորվել է նրանց փոքրիկ դուստրը: Ըստ բժիշկների՝ երեխան միջին ծանրության վիճակում է: Երթևեկությունը միառժամանակ դադարեցվել է:

17-ը հուլիսի, 2023թ․
17-ը հուլիսի, 2023թ․

Մոսկվայի կողմից Ղրիմի ղեկավար նշանակված Սերգեյ Ակսյոնովն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել կամրջի 145-րդ հենասյան հատվածում:

Անցյալ տարվա հոկտեմբերին այդ կամուրջը գրոհի էր ենթարկվել, սակայն Ուկրաինան բացահայտ դրա համար պատասխանատվություն չի ստանձնել և միայն ամիսներ անց անուղղակի ակնարկներով է նկատել տվել, որ գուցե ինչ-որ առնչություն ունի դրա հետ:

8-ը հոկտեմբերի, 2022թ․
8-ը հոկտեմբերի, 2022թ․

Ռուսաստանի հակաահաբեկչական պետական կոմիտեն այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած գրոհն անվանել է ահաբեկչական գործողություն: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ասել է, որ հարուցվել է քրեական գործ, կասկածյալներն ուկրաինացիներ են:

«Հետաքննությունը պարզում է ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված կազմավորումներից անձանց, որոնք ներգրավված են այս հանցագործության կազմակերպման ու իրականացման գործում»,- ասել է Պետրենկոն։

17-ը հուլիսի, 2023թ․
17-ը հուլիսի, 2023թ․

Մասնագետների փոխանցմամբ, գրոհն իրագործվել է երկու ծովային ԱԹՍ-ներով:

Այդ գերարդիական և գերթանկ կամուրջը Կրեմլի հպարտությունն էր, այն բացել է անձամբ Պուտինը: Սոցիալ-տնտեսական և խորհրդանշական մեծ նշանակությունից զատ այն նաև չափազանց կարևոր է Ղրիմում տեղակայված ռուսական ստորաբաժանումների մատակարարման համար: Կամրջի երկաթուղային գծով երթևեկությունն արդեն վերականգնվել է:

Այսօր սպառվում հացահատիկի գործարքի ժամկետը. ռուսական կողմը հայտնել է՝ չի երկարաձգի գործարքը

Այսօր ռուս-ուկրաինական ճակատից հաղորդվել է կարևոր մեկ ուրիշ լուր, որը հրատապ է ամբողջ միջազգային համայնքի ու հատկապես պարենի խնդիրներ ունեցող Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրների համար:

Այսօր սպառվում է ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ կնքված ռուս-ուկրաինական հացահատիկի գործարքի ժամկետը:

Ուկրաինական նավահանգիստներում պաշարված պարենը՝ ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղ և պարարտանյութեր, այդ գործարքով փոխադրվել են պարենի կարիքն ունեցող երկրներ:

Ռուսները հայտնել են, թե չեն երկարաձգի գործարքը, քանի որ դրա Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել: Մոսկվան հայտնել է, որ դա կապ չունի Ղրիմի կամրջի միջադեպի հետ, ավելացնելով, թե պատրաստ է վերադառնալ գործարքին այն բանից հետո, երբ դրա ռուսական դրույթներն կիրականացվեն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հույս է հայտնել, որ ռուսներն, այնուամենայնիվ, կշարունակեն գործարքը:

«Չնայած այդ հաղորդագրությանը, ես հուսով եմ, որ իմ բարեկամը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ այս մարդասիրական կամրջի աշխատանքը շարունակվի»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ երբ Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա՝ գործարքի հետ կապված ռուսական կողմի բոլոր մտահոգությունները հնարավոր կլինի տեղում քննարկել:

Այդ լուրին է անդրադարձել նաև Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ ռուսները հրաժարվել են երկարաձգել գործարքը: Դա մեծ խնդիրներ կստեղծի աշխարհում: Մենք մեր կողմից ամեն բան կանենք ուկրաինական հացահատիկը դրա սպառողներին հասցնելու համար: Եվ ես մեղադրում են Ռուսաստանին, որը պարենի հարցը զենք է դարձնում», - ասել է Բորելը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG