Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան այսօր ասել է, որ Ղրիմի (Կերչի) կամրջի կառուցման հետ կապված հիմնախնդիրն այսօրվա դրությամբ լուծում չունի:
«Դա ամենաբարդ և գործնականում անլուծելի հարցերից մեկն է, եթե հաշվի առնենք դրա սոսկ աշխարհագրական էությունը: Այդ տեսակետից տարածքն ամբողջությամբ հսկում է Ռուսաստանի Դաշնությունը՝ և՛ Թամանի թերակղզու, և՛ Ղրիմի թերակղզու կողմից»,- ասել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը «Նովոե վրեմյա» պարբերականին այսօր տված հարցազրույցում:
Կուլեբայի համոզմամբ, Սև ծովի առումով ՆԱՏՕ-ի անդամ սևծովյան երկրները, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան պետք է մշակեն նոր հայեցակարգ:
«Եթե չլինի ռազմավարություն և չլինեն ընդհանուր միավորված ուժեր, ապա Ռուսաստանը կշարունակի գերակայել Սև ծովում, այնպես, ինչպես հիմա գերակայում է Ազովի ծովում»,- ասել է Կուլեբան:
Նրա խոսքով՝ Սև ծովի խնդիրը հիմա Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:
Նա ասել, է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկում է մի նոր նախաձեռնություն, որի առանցքում Սև ծովում անվտանգության ապահովման համար ընդհանուր գործողությունների մշակումն է:
«Դա չպետք է լինի վարժանքի նման «անցկացնել ու մոռանալ», դա պետք է լինի մշտական մեխանիզմ և գործողություն», - ընդգծել է Կուլեբան:
Ռուսաստանը Ղրիմը զավթել է 2014 թվականի գարնանը և այդ տարվա մարտի 18-ին թերակղզին հայտարարել է Դաշնության անբաժան մաս: Միջազգային համայնքն այդ որոշումը չի ճանաչել:
2014 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը կարգադրել է կազմել Կերչի նեղուցի վրայով ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջ կառուցելու ծրագիր:
2018 թվականի մայիսից շահագործման է հանձնվել կամրջի ավտոմոբիլային հատվածը, 2019 թվականի նոյեմբերից էլ մեկնարկել են երկաթուղային փոխադրումները: