Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական վարույթ է նախաձեռնել ստուգելու զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ՝ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն:
Վարույթը նախաձեռնվել է միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ։
Ըստ ԱԱԾ-ի՝ կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ:
Երեկ ռուսական կողմը հաղորդեց, որ ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանին, ով կասկածվում է Ղրիմի կամրջի պայթյունը նախապատրաստելու համար։ Ռուսական կողմը կատարվածի վերաբերյալ սեփական վարկածը հրապարակեց․ ըստ այդմ, այն կազմակերպել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, աջակցել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի երկու և Հայաստանի մեկ քաղաքացի։ Բոլորն էլ ձերբակալված են։ Հայաստանի գլխավոր դատախազությունը երեկ հայտարարեց, որ հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը քրեական վարույթ նախաձեռնել։
Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Ռուսական կողմի տվյալներով՝ պայթել է բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով դեպի բռնակցված Ղրիմ։ Դրանից հետո երկաթուղային գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել են։ Պաշտոնապես հաղորդվել է, որ երեք մարդ է զոհվել, առանձին Տելեգրամ ալիքներ հայտնել են ևս մեկ մարդու մահվան մասին։ Վլադիմիր Պուտինը կատարվածն ահաբեկչություն է անվանել ու դրանում մեղադրել Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ Պաշտոնական Կիևը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն մինչ այդ բազմիցս հայտարարել էր, որ Ղրիմի կամուրջին կհարվածի հենց նման հնարավորություն ունենա։