Մատչելիության հղումներ

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՌԴ տեղեկությունները


Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթյունի գործով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության այսօր տարածած տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

Դատախազությունը հայտնում է՝ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ, դրանք հասցեագրել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

«Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից ստացած տվյալները հայտնել էր, որ Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկները Օդեսայից տեղափոխել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով և որ պայթյունի գործով 8 ձերբակալվածներից մեկը ՀՀ քաղաքացի է։

Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Ռուսական կողմի տվյալներով՝ պայթել է բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով դեպի բռնակցված Ղրիմ։ Դրանից հետո երկաթուղային գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել են։ Պաշտոնապես հաղորդվել է, որ երեք մարդ է զոհվել, առանձին Տելեգրամ ալիքներ հայտնել են ևս մեկ մարդու մահվան մասին։ Վլադիմիր Պուտինը կատարվածն ահաբեկչություն է անվանել ու դրանում մեղադրել Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ Պաշտոնական Կիևը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն մինչ այդ բազմիցս հայտարարել էր, որ Ղրիմի կամուրջին կհարվածի հենց նման հնարավորություն ունենա։

XS
SM
MD
LG